Թեև թշնամու կրակոցներին, Բերդաշենի կարտոֆիլի աննախադեպ ցանքս են կատարել
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կարտոֆիլի մեծածավալ ցանքս է իրականացվել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ Բերդաշենում առաջին անգամ են նման մասշտաբով կարտոֆիլ ցանում:
«Բարեգործական ծրագրով մեկ ընտանիքին տրամադրվել է 6 կիլոգրամ սերմ։ Բացի այդ գյուղացիներն օգտվել են նաև համապատասխան պետական աջակցության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերից։ Բավականին ծավալուն ցանքս է իրականացվել տնամերձ հողամասերում»,- մանրամասնել է համայնքապետը։
Նրա խոսքով, համայնքի վարելահողերը հիմնականում արտեզյան ջրերով են ոռոգվում, սակայն էլեկտրամատակարարման անջատումների ժամանակ խնդիրներ են առաջանում։ Ըստ նրա, համայնքի վարելահողերի միայն 12-13 տոկոսն է ոռոգվում։
«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,-համոզված է Գ. Պողոսյանը։
Նա նշել է, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։
«Այս պահին արդեն տնկել և մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով, որ շարունակվում է գարնանանացանը որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաև բանջարաբոստանային մշակաբույսերի` մասնավորապես վարունգի, ձմերուկի և սոխի սերմերն են հողին պահ տվել։
Հիշեցնենք, որ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 30-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող բերդաշենցի խաղաղ բնակչի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին