«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը անվստահելի հարթակից տվյալներ է հրապարակել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների մասին, որտեղ Երևանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
«Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 242 քաղաք։ Հայաստանն այս հորիզոնականով առաջատար է տարածաշրջանում»,- գրել էր Չախոյանը։ Ըստ Numbeo-ի՝ իսկապես, Երևանը 14-րդ «անվտանգ» քաղաքն է, ցանկը գլխավորում է Արևելյան Չինաստանում գտնվող Ցինդաո քաղաքը, երկրորդ հորիզոնականում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին է, իսկ երրորդը՝ Կատարի մայրաքաղաք Դոհան։
Խնդիրը, սակայն, ոչ թե Numbeo-ի հրապարակած ցանկն է, այլ դրա մեթոդաբանությունը. Fip.am-ը պարզել է, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ, և դրա հրապարակած վարկանիշերը հիմնված չեն վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ և նրանց անանուն առաջարկությունների հիման վրա։ Կայքում հրապարակված տվյալները կրկնակի ստուգում չեն անցնում, և չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։
Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաև քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի վիճակագրական տվյալների կամ հետևություններ անելու համար։ Նշենք, որ Չախոյանը միակը չէ, որ հղում է արել Numbeo-ի ոչ ճշգրիտ տվյալներին։
Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հրապարակած տվյալները վերցված են մի աղբյուրից, որը չունի արժանահավատ վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, հիմնված է օգտատերերի անանուն կարծիքների վրա, որոնք հեշտությամբ հնարավոր է մանիպուլացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները