Դաշնակահարուհի Իվ Էգոյանը Երևանում կկատարի Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը
Ապրիլի 3-26-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի ընթացքում կներկայացնի 7 համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։
«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Արանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։
Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։
Լրագրողների հետ հանդիպմանը «Քառորդ տոն» կազմակերպության համահիմնադիր, «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է հայ ժամանանակից երաժշտությունն ու միջազգային դաշտում կատարվող գործընթացները բերել մի խաչմերուկի ու տեսնել, թե որտեղ է մեր արվեստը, ինչ դեր ունի միջազգային արվեստը, նայել ընդհանուր տեսանկյունից, քանի որ մշտապես տարբեր օղակներում առանձնացվում են այս երևույթները։
«Հայ ժամանակակից երաժշտությունը վերջին տասնյակներում մշտապես եղել է համաշխարհային պրոցեսների անբաժան մաս։ Վառ ապացույց մաեստոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնք ավելի շատ հնչում են արտասահմանում, քան Հայաստանում։ Ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր վարպետները, հեղինակավոր կոմպոզիտորները մշտապես ունենան իրենց հանդիսատեսը»,- նշեց նա։
Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ փառատոնը նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։
Ասուլիսին ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ, անչափ կարևոր է այս փառատոնը, քանի որ ներառում է ամբողջ մի շերտ գեղագիտական մտածողության, տեխնիկական միջոցների, լսողական փորձի, մշակութային իրադարձությունների, կենդանի հնչողության և յուրաքանչյուրը, ով մասնակից է այս իրադարձությանը, խորին հարգանքի է արժանի։
«Երաժիշտների այս խումբը, որը կազմակերպել է այս փառատոնը, իմ խորին համոզմամբ, այսօրվա երաժշտական կյանքի առաջնակարգ թիմն է, որը մեզ աշխարհին կապող թե այսօրվա ներկայությունն է, ոչ թանգարանային կապերով կապող, այլ ակտուալ պրոցներին կապող, մյուս կողմից՝ միջազգային կապեր ստեղծող կազմակերպություն է»,- նշեց մաեստրոն։
Խոսելով փառատոնի մասնակիցներից դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանի (Կանադա) մասին՝ Տ.Մանսուրյանն ասաց, որ հրաշալի մտածող դաշնակահարուհի, կոմպոզիտոր է, տեխնիկական մտածողության իներցիան տանում է իր հետևից, որոնողական ոգին պահանջում է մտքի ակտիվություն։
Ասուլիսին ներկա Իվ Էգոյանը նախ շնորհակալություն հայտնեց փառատոնին հրավիրվելու համար։
«Առաջին անգամ եմ համերգով հանդես գալու Հայաստանում, առաջին անգամ միջազգային ասպարեզում հանդես եմ գալու իմ ստեղծած յուրահատուկ գործիքով, այսինքն՝ դաշնամուրին կցվում է հատուկ սարք։ Ես մտահղացել եմ այդ սիստեմը, մասնագետն այն ստեղծել է»,- ասաց Իվ Էգոյանը։
Նա անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալուն, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը կատարելուն։
Ի.Էգոյանն ասաց, որ, հայկական ժողովրդական ստեղծագործություններն օգտագործելով, մի գործ է գրել, որը նվիրված է իր Հայաստան գալու երազանքին։
Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ ելույթ կունենա դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)՝ ներկայացնելով հեղինակային, ինչպես նաև Մայքլ Ֆիննիսսի, Լինդա Քեթլին Սմիթի ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին, ժամը 11:00 Էգոյանը վարպետության դաս կներկայացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ապրիլի 7-ին, ժամը 10:00 ՀԲԸՄ-ում կկայանա սեմինար՝ երաժշտագետ և ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես կգան Իվ Էգոյանը և «Ասոնանս» անսամբլը։
Ապրիլի 9-ին, ժամը 17:00 Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ապրիլի 11-ին, ժամը 17:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։
Նույն օրը ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Մանսուրյանի, Արամ Հովհաննիսյանի, Յուրի Կասպարովի, Աշոտ Զոհրաբյանի, Միշել Պետրոսյանի, Վալենտին Սիլվեստրովի գործերը։
Յուրի Կասպարովն ապրիլի 12-ին, ժամը 11:00-ից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դաս կանցկացնի ուսանողների համար, ինչպես նաև կհանդիպի երաժշտասերների հետ։
Ապրիլի 14-ին, ժամը 20:00 Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա)՝ ներկայացնելով Տորու Տակեմիցուի, Դյորդ Կուրթագի, Դավիթ Բալասանյանի, Ժան-Պիեր Դելյոզի, Կայա Սարիահոյի, Սերգեյ Ումրոյանի, Ապոլինի Ջեսուպրետի ստեղծագործությունները։
ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին, ժամը 19:30 ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները հանդես կգան համերգով։ Ծրագրում՝ Պասկալ Դյուսապեն, Յորգ Վիդման, Պիեր Բուլեզ, Անտոն Վեբերն, Աշոտ Ղազարյան, Արմեն Գևորգյան, Դմիտրի Պչելինցև, Լևոն Պողոսյան։
Ապրիլի 20-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Պասկալ Դյուսապենի, Յոշիհիսա Տաիրայի, Տոշիո Հոսոկավայի, Արթուր Աքշելյանի, Վոլֆգանգ Րիմի, Դյորդ Կուրթագի, Լուիս Կինթանայի, Անդրե Բուքուրեչլիևի ստեղծագործությունները։
ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին, ժամը 19:30 ելույթով հանդես կգան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ Խրագրում՝ Տորու Տակեմիցու, Իսանգ Յուն, Բեթ Ֆուրրեր, Կուզմա Բոդրով, Պաուլ Հինդելմիթ, Կիրիլ Արխիպով, Ալեքսեյ Ռատինսկի։
Փառատոնի փակման համերգը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: «Ասոնանս» անսամբլը կկատարի Դավիթ Գյոդակյանի, Արման Ղուշչյանի, Արսեն Բաբաջանյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Սարգսյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին