Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը, այն որակելով որպես անտեղի հորդոր ու մասնագիտորեն չհիմնավորված դատողություն։
Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը ԱԺ միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, հակադարձելով հարվածելիս որևէ առարկայի գործադրման «նախնական վարկածը» հերքված լինելու իմ պնդմանը, բառացի նշում է. «…քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը որևէ կերպ չի կարող նախնական, հիմնական կամ վերջնական վարկած դիտարկվել»։
Զարմանքս եմ հայտնում այս դատողության կապակցությամբ. դասագրքային ճշմարտություն է, որ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը չի կարող չհանդիսանալ և անհրաժեշտաբար հանդիսանում է վարույթի «նախնական վարկածը»։ Այդ մասին կարելի է կարդալ «Կրիմինալիստիկայի» հասանալի դասագրքերում՝ «կրիմինալիստիկական տակտիկա» բաժնի մաս կազմող «կրիմինալիստիկական վարկածներ» գլխում։
Ավելին, իմ վկայակոչած «նախնական վարկածի» առկայությունը հիմնավորվում է նաև Մհեր Սահակյանի հարցաքննության ժամանակ քննիչի առաջադրած հարցերով։
Ուստի կհորդորեի անտեղի հորդորներով հանդես չգալ և մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել»։
Ավելի վաղ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել էր.
«Ստիպված եմ հորդորել ճիշտ կարդալ պաշտոնական հաղորդագրությունների տեքստերը և տարբերել ու տարբերակել ստացված հանցագործության մասին հաղորդման բովանդակության ընդհանրացված շարադրանքը վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննությամբ պարզված հանգամանքների նկարագրությունից։
Դրանք լրիվ տարբեր բաներ են և վարույթի լրիվ տարբեր փուլեր են։
Ավելին․ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը որևէ կերպ չի կարող նախնական, հիմնական կամ վերջնական վարկած դիտարկվել։
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի նախաձեռնման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության շուրջ շահարկումներն անտեղի ու անիմաստ են։
Ընթանում է քննություն։ Դեպքի հանգամանքները կպարզվեն, ՀՀ ՔԿ-ն էլ կներկայացնի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնեը՝ կոնկրետ իրավական գնահատականներով»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
- Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
- Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու
- Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. ընդդիմադիր պատգամավորին իրավապահները տարել են