Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել։ Թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել, եղանակային անբարենպաստ պայմաններում էլ՝ շարունակում են ինժեներական աշխատանքներ է իրականացնել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արավուսի նախկին վարչական ղեկավար, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։
«Թուրքը համարյա եկել, հասել է Տեղ գյուղ, բայց այդպես չի եղել, էլի... մեր սահմանը եղել է Աղավնոյի ձորով՝ Տեղից 5 կմ ներքև։ Եթե պատմություն չգիտեն, թող իմանան՝ Նժդեհն այդպես է սահմանը գծել, Արցախի Աղավնոյից այս կողմ Սյունիքն է։ Հիմա թուրքերը գետից կամաց-կամաց բարձրացել են վերև, այդ 5 կմ-ն էլ են եկել, հլա մի կմ էլ ավել, հասել են մինչև հարթավայր։ Եթե ճիշտ հաշվենք՝ ոչ թե 100-120 հա են առաջ եկել, այլ մի 1000 հա»,- նշեց նա։
2020-ից հետո Արավուսում թշնամու 13 հենակետ է տեղադրվել։ Ադրբեջանական զինուժը միայն այս գյուղում 68 հա հայկական տարածք է օկուպացրել։ Տեղում, դարձյալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ժամ առ ժամ, սնկի պես են աճում ադրբեջանական հենակետերը...
Երկու բնակավայրերում էլ թշնամին անզեն աչքով դիտարկում է մարդկանց տեղաշարժը։ Տեղից մոտ 500 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանցիները, Արավուսից՝ 100-400 մետր...
27 տարի Արավուսը ղեկավարած Հովսեփյանը չգիտի, թե ադրբեջանական ներթափանցումների վերաբերյալ ինչ են մտածում երկրի «կառավարիչները», բայց նաև որպես 3 պատերազմների մասնակից՝ շատ լավ է տիրապետում թշնամուն հետ շպրտելու և հայկական հողը պաշտպանելու հնարավոր բոլոր եղանակները...
«Զինվել, զինվել, միայն ու միայն զինվել է պետք։ Կմիանանք մեր բանակին, մեր գործը կանենք էլի, վերջիվերջո, փորձառու մարդիկ ենք, կռվող տղերք ենք, ուղղակի մեր կողքին կանգնեն, մենք մեր գործը կանենք։ Չեմ ասում՝ մինչև Բաքու կգնանք առայժմ, բայց գոնե այս հենակետերից էդ շներին հանենք, Աղավնոյից այն կողմ շպրտենք, տեսնենք՝ ինչ է լինում»,- ասում է Հովսեփյանը։
Վախ չունի հրամանատարը, պատերազմից չպիտի վախենան նաև մյուսները։ Ավելի լավ է՝ արժանապատվորեն սեփական հողն ու ջուրը պաշտպանել, քան սուսուփուս նստել, սպասել, թե երբ է թշնամին գալու, մեզ մեր տներից դուրս հանի։
«Բա մեր թոռները, մեր էրեխեքը, մեր հողն ու ջուրը, մեր գերեզմանը, մեր սրբությունները, բա տենց ոնց կլինի, իրենք սրբություն չունեն, մեզ էլ հո ունենք...»,- հավելում է հրամանատարը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
- Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
- Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
- Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին