
«Հրապարակ». ՔՊ-ում մարտական են տրամադրված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ ընդդիմադիրներին փոխանցել են, որ Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանն անպատիժ չի մնալու և լավ կանի՝ մանդատից հրաժարվի։
Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, քանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր և, ըստ հրամանի, պետք է դեռ վերադարձած չլիներ, սակայն պարզվել է, որ նա վերադարձել է մեկ օր շուտ, ինչի մասին ընդդիմադիրները տեղյակ չեն եղել։
Ուստի փորձել են Ռուբինյանի հետ բանակցելով՝ հարթել միջադեպը, առաջարկելով, որ իրավապահներին չդիմեն։ Սակայն Մինասյանը դեռ Ռուբինյանի աշխատասենյակում է եղել, երբ Անդրանիկ Քոչարյանի ահազանգով խորհրդարան են եկել ոստիկանները և ձերբակալել Մհեր Սահակյանին։ Իսկ գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու։ Նրա ներկայությունից ոգևորված ոստիկաններն էլ փորձել են նվաստացնել Մհեր Սահակյանին՝ կռացրած տանելով ոստիկանություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում