«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են՝ ցուցմունքներ կտրվեն, և գլխավոր դատախազը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։
Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ, սկսել են մանդատից զրկելու գործընթաց ու մեղադրանքն Ազգային ժողովում արդեն կառուցել են: ՔՊ-ականները միաձայն որոշել են, որ բոլորը իրավապահներին պետք է պատմեն նույն սցենարը: Համաձայն իշխանական սցենարի՝ Մհեր Սահակյանը եկել և հանձնաժողովի նիստին նստել է Վլադիմիր Վարդանյանի մոտ գտնվող աթոռին, մինչդեռ նախկինում նստում էր դռան մոտ՝ անկյունում:
Նշվում է, որ երեկվա նիստի ժամանակ Մհեր Սահակյանն ավելի ակտիվ է եղել, տեղից ռեպլիկներ է արել ՔՊ-ական պատգամավորների խոսքերի ժամանակ: Այս ամենից հետո, իբրև թե, անակնկալ կերպով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վիճաբանություն այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, որին հետևել են ընդդիմադիր պատգամավորի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»:
Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Սա եղել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խոսել է Հռոմի ստատուտի ու Վլադիմիր Պուտինին կալանավորելու թեմայից։ Վարդանյանը տեղից վեր է թռել կանգնել, ոտքի է կանգնել նաև Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է:
Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։ Չնայած այս ամենին՝ ՔՊ-ն արդեն կայացրել է վճիռ Մհեր Սահակյանի մասով. ցուցմունքներ կտրվեն, և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները