ՔՊ-ական պատգամավորը դատարանում պարտվել է «Հայրենիք»-ի անդամին
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը դատարանում հաղթանակ է տարել Դավթաշենի նախկին թաղապետ, ներկայում ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանի դեմ։ Դատարանը հայցը գնահատել է անհիմն և մերժման ենթակա։
Հիշեցնենք, որ ՔՊ-ականը դատարան դիմել էր 2021-ի հուլիսին՝ վնասի փոխհատուցման պահանջով։
Դատալեքսից տեղեկանում ենք.
«Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ 28.06.2021թ. Արսեն Նիկողոսյանը ֆեսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում արել է «!! Հրատապ» վերնագրված հետևյալ գրառումը:
«Հայտարարում եմ՝ Աջափնյակ համայնքում օրերս ականատես եղանք, թե ինչպես իշխանական վանդալները ջարդուփշուր էին անում հասարակ հայ քաղաքացիներին պատկանող շինությունները: Փոխարենը՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը այս պահին իրականացնում է շինարարական աշխատանքներ Ս. Գևորզյան փողոցի վրա:
Հարց է առաջանում՝ այ անբարոյական բաշիբոզուկները ապագա են ստեղծում իրենց համար, թե ազգի: Գոռում էիք՝ ապագա կա, որպեսզի հարստահարեք ու կողոպտեք շարքային քաղաքացուն, դավաճան կապիտուլյանտներ: Եթե այդ շինությունը չարժանացավ նույն ճակատագրին, ինչպես շարքայինինը, ապա կարճ քաղաքական բախտի եք արժանանալու, ձեր իրական տեղը քաղաքական աղբամանն է:
Հ. Գ. Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետին, այ կապի՛կ, եթե այս հարցին չտվեցիր արդարացի, օրինական լուծում, ապա ժողովրդի ողջամիտ մասը պատվելի վարչապետիդ պողպատե մանդատը կմտցնի ...»:
Այնուհետև 29.06.2021թ. Պատասխանողը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կիսվել է «InfoPress.amw-ի հոդվածով»։
Ըստ հայցվորի՝ վերը հիշատակված Գրառումը պարունակում է իր պատիվը, արժանապատվությունը արատավորող փաստացի տվյալներ: ՔՊ-ականը դատարանից պահանջել Արսեն Նիկողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազազույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով 2.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում:
Պատասխանող կողմը նշել է.
«Ակնհայտ Է, որ Հայցվորի վերաբերյալ հրապարակված փաստացի տվյալը արատավորող տեղեկատվություն չի պարունակում: Հայցվորի կողմից շինարարություն իրականացնելու փաստը չի կարող արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը, քանի որ այդ հանգամանքը չի կարող որևէ կերպ նսեմացնել հասարակության կողմից նրան տրվող գնահատականը կամ իր ինքնագնահատականը: Ավելին, Պատասխանողը համապատասխան աղբյուրից ստանալով տեղեկատվություն և հնարավորություն չունենալով ստուգել շինարարության ապօրինի լինելու հանգամանքը՝ ստուգել է միայն տվյալ պահին շինարարական աշխատանքներ իրականացվելու փաստը և նշում է կատարել Հայցվորի մասով բացառապես այդ մասին՝ առանց դրա ապօրինի լինելու վերաբերյալ փաստի մատնանշման»։
Դատարանն արձանագրել է.
«Սույն գործով ներկայացված ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պատասխանողի կողմից կատարված արտահայտությունները ունեցել են հստակ ուղղվածություն՝ հանրությանը իրազեկելու երկրում, մասնավորապես՝ Երևան քաղաքում առկա խնդիրների մասին, քանի որ դատական նիստի ընթացքում կողմերն էլ չվիճարկեցին այն փաստը, որ հրապարակման և դրան հաջորդող ժամանակահատվածում Երևան քաղաքում կատարվել են շինությունների քանդման աշխատանքներ, ինչը հիմնավորվեց նաև դատական նիստի ընթացքում հետազոտված ապացույցից։
Ավելին՝ պատասխանողի կողմից կատարված արտահայտությունը՝ «Փոխարենը՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը այս պահին իրականացնում է շինարարական աշխատանքներ Ս. Գևորզյան փողոցի վրա»-ի վերաբերյալ չի պարունակում որևէ փաստ կամ հանգամանք, որը կարող գնահատվել որպես հայցվորի համբավի արատավորում, քանի որ որևէ վայրում շինարարական աշխատանքերի կատարումը իրենից չի ներկայացնում այնպիսի գործողություն, որը ոչ իրավաչափ է և հակաօրինական։
Ինչ վերաբերվում վերոնշյալ արտահայտությանը նախորդող՝ «Հայտարարում եմ՝ Աջափնյակ համայնքում օրերս ականատես եղանք, թե ինչպես իշխանական վանդալները ջարդուփշուր էին անում հասարակ հայ քաղաքացիներին պատկանող շինությունները» արտահայտությանը, որը հայցվորը համակցության մեջ է գտահատում, որպես իրեն զրպարտող արտահայտություն՝ Դատարանը գնահատմամբ անհիմն է, քանի որ նշված արտահայտությունը վերաբերում է անձանց խմբի, որը չի կարող նույնանալ հայցվորի հետ, հետևաբար նշված խմբի վերաբերյալ, թեկուզև զրպարտող արտահայտությունը չի կարող հայցվոր համբավն արատավորող համարվել»։
Դատարանը մարտի 31-ին որոշել է Միքայել Թումասյանի հայցն ընդդեմ Արսեն Վարդանի Նիկողոսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին, մերժել, ինչպես նաև Միքայել Թումասյանից հօգուտ Արսեն Վարդանի Նիկողոսյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
«Ուզում եմ շնոհակալություն հայտնել իմ փաստաբան Անահիտ Սարգսյանին` դատավարությանը փայլուն մասնակցության և մինչև վերջ իմ կողքը կանգնելու համար: Արդարությունը միշտ հաղթանակում է, իսկ մեր ժամանակներում արդարությանը ամենաուժեղ զենքն է։
Հ. Գ. Միանշանակ մենք պետք է գործենք, որպեսզի հաղթենք ներքին թշնամուն, իսկ այսօր ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին: Ստերի և դավաճանների վերջը գալու է։ Ժամանակի հարց է..»,-այսպես է արձագանքել դատարանի որոշմանն Արսեն Նիկողոսյանը։