Ատեստավորման արդյունքում ոստիկանը կրկնակիի չափով հավելավճար կստանա. Արփինե Սարգսյան
«Ոստիկանությունում ներդրվում է ատեստավորման համակարգ, որը թույլ կտա ստուգելու թե՛ տվյալ պաշտոնում անձի համապատասխանությունը, թե՛ դրա արդյունքում հաշվարկել համապատասխան հավելավճար, որը կլինի աշխատավարձի կրկնակիի չափով»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը
Նա հայտնեց, որ եռամյա ժամանակահատվածում ոստիկանը պետք է ենթարկվի ատեստավորման, որի միջոցով ղեկավարությունը կարող է իմանալ, թե որակյալ, բանիմաց ոստիկանի հետ գործ ունեն, թե ոչ:
«Եթե մեր պատասխանը դրական է, ապա անձը համարվում է ատեստավորումը հանձնած և կստանա հավելավճար: Եթե ոչ, ապա առաջին փորձից հետո անձն ունի ևս երկու հնարավորություն կրկին անցնելու ատեստավորում և ստանալ հավելավճար»,-ասաց Սարգսյանը և հավելեց. «Բայց եթե երրորդ տարվա ավարտին անձն այդպես էլ չի կարողանում հաջող հանձնել ատեստացիան, ապա այն ծառայությունից արձակման հիմք ենք դիտարկում ՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով»:
Ըստ նախարարի տեղակալի՝ եռափուլ ատեստավորման առաջինն աստիճանով ընդհանուր զարգացվածությունն է որոշվելու , երկրորդ փուլով՝ կրակային և ֆիզիկական պատրաստվածությունը և երրորդ՝ մասնագիտական գիտելիքների ստուգման փուլի ընթացքում, եթե ոստիկանը նախատեցված 50 հարցերից 30-ին ճիշտ պատասխանի, ապա կհամարվի ատեստավորված:
Նա հայտնեց, որ ատեստացիայի ենթակա չեն ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները և ՆԳՆ-ի աշխատակազմում աշխատողները: