Ռուբեն Վարդանյանը հայտարարությունն արել է, բայց փաստերն իրավապահներին չի ներկայացրել
Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում ներիշխանական շրջանակներում ու դրանից դուրս կրքերը չեն հանդարտվում։
Օրեր առաջ Ռուբեն Վարդանյանի՝ քննադատություններին, հնչեցրած մեղադրանքներին հետևեցին Արցախի ԱԺ նախագահի, ապա արցախցի պատգամավորի, ավելի ուշ նաև պետնախարար, նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանի արձագանքը։
«Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր: Նման պարագայում համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ դրանք արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին»,-հայտարարել էր պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ներսիսյանի գրառմանը հաջորդեց Արայիկ Հարությունյանի գրառումն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը պուպուշ է, ինքն էլ շատ ուրախ է, որ նա շարունակում է մնալ ու գործունեություն ծավալել Արցախում։
Այսօր Panorama.am-ն Արցախի իրավապահ մարմիններից հետաքրքրվեց՝ արդյո՞ք փաստեր ներկայացրել է Ռուբեն Վարդանյանը։
Արցախի դատախազությունից, Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին՝ չի ներկայացրել։
«Այս պահի դրությամբ դատախազությունում նման հաղորդում չկա»,-ասաց դատախազության խոսնակ Կիմ Գաբրիելյանը։
«Ոստիկանության հերթապահ մասում Ռուբեն Վարդանյանի կողմից հանցագործության մասին որևէ հաղորդում չի ստացվել»,-ասաց ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Նման գործ չկա ԱՀ քննչական կոմիտեում»,-հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Նանար Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարարը Ռուբեն Վարդանյանին հորդորում է դիմել իրավապահ մարմիններին
- Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
- Արցախցի պատգամավոր. Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում