Թաղավարդ-Կալերի դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է կազմակերպում ուսումնական գործընթացը
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ-Կալեր առաջնագիծ դարձած համայնքի դպրոցի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգության ապահովումը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթօջախի տնօրեն Մարգարիտա Սահակյանը:
«Դպրոցի բակը թշնամու ուղիղ նշանառության տակ է, սակայն մենք այս պայմաններում անգամ շարունակում ենք մեր դասապրոցեսը: Ֆիզկուլտուրայի պարապմունքներն անց են կացվում բակում, ինչը վտանգավոր է: Ինքս միշտ դուրս եմ գալիս բակ ու կանգնում աշակերտների կողքին, մինչև դասաժամն ավարտվի»,-նշել է Մ. Սահակյանը:
Տնօրենի խոսքով, մինչև 44-օրյա պատերազմը 9-ամյա հիմնական կրթօջախում սովորում էր 54 աշակերտ, իսկ այսօր՝ 36:
«Աշակերտների մի մասն ընտանիքներով մնացել է Ստեփանակերտում, ոմանք էլ, հաշվի առնելով, որ դպրոցը թշնամու ուղիղ դիտակետում է, հաճախում են հարևան Կարմիր շուկա համայնքի դպրոց: Եվ քանի անվտանգության հարցը շարունակում է օրախնդիր մնալ, աշակերտների թիվը դժվար ավելանա։ Այս ուսումնական տարում 9-րդ դասարանը կավարտի 8 աշակերտ, կընդունենք երեք առաջին դասարանցիների: Կրթօջախում դասավանդում են իրենց գործին գիտակ մասնագետներ»,-ասել է նա։
Մ. Սահակյանի հավաստմամբ, դպրոցի ուսուցիչների ու աշակերտների համար այս պահին ամենակարևորը հարատև խաղաղության հաստատումն է:
«Այլ ելք չունենք, պիտի մնանք ու շարունակենք ապրել մեր հայրենիքում, շարունակենք կրթել ու դաստիարակել մեր աշակերտներին: Նրանք աշակերտ լինելու հետ մեկտեղ նաև մարտիկներ են, ովքեր, անտեսելով վախը, թշնամու դիտակետում լինելու փաստը, ամեն օր մեծ սիրով են հաճախում դպրոց, որպեսզի մի նոր բան սովորեն»,-ասել է դպրոցի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան