«Եհովայի վկաների» քարոզը բացահայտ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը, մեր ազգի գոյությանը. Գևորգ եպս. Սարոյան
«Աղանդավորները բավականին քայքայիչ գործունեություն են ծավալում»,- լրագրողների հետ զրույցում ասում է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նա նշում է, որ Հայաստանն այս պահին գտնվում է ծանր վիճակում, պատերազմն ամեն վայրկյան անխուսափելի է, անգամ դրան վերաբերող պաշտոնական հայտարարություններ կան։
«Այդ համապատկերում «Եհովայի վկաները» ոչ ավելի, ոչ պակաս բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի արձանի հարևանությամբ քարոզում են, որ զենք բռնելը մեղք է, բանակում ծառայել անհրաժեշտ չէ, որը բացահայտ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը, մեր ազգի գոյությանը։
Իհարկե, մենք նրանց վերաբերում ենք իբրև մեր եկեղեցու մոլորված զավակներ, աղոթում ենք, սակայն այսօր նրանք գործում են իբրև ներքին թշնամի։ Չէի ուզի պիտակավորել, սակայն իրենց գործողությունները մեր համար հավասարազոր են ներքին թշնամու գործողություններին»,- ասում սրբազանը։
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարծում է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի։
«Հատկապես այս պահին, երբ Հայաստանը գտնվում է նման ծանր վիճակում, որևէ մեկն իրավունք չունի քարոզելու, որ զենք վերցնելը մեղք է։ Նախ մենք չենք ասում, որ պետք է զենք վերցնել, գնալ ուրիշի հողերը նվաճել կամ մարդ սպանել։ Իհարկե, եկեղեցին դեմ է դրան։ Բայց խոսքը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը։ Ավելին ասեմ՝ կան տեղեկություններ, որ նրանք շատ վատ են արտահայտվում մեր նահատակների վերաբերյալ, ինչ-որ ձևակերպումներ են տալիս։ Հասկանո՞ւմ եք, մենք ունենք բազում ընտանիքներ, ովքեր իրենց զավակներին տվեցին մեր հայրենիքի համար, ինչ-որ մի խումբ այսօր այդ ամեն ինչը հարցականի տակ է դնո՞ւմ։
Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական հաշվարկներով են ժամանակին գրանցել այս աղանդը, բայց աղանդի ռիսկերը հաշվի առնված չէ ազգային անվտանգության տեսանկյունից, հետևաբար պետք է վերանայել այդ օրենքը, եկեղեցու ձայնը լսելի լինի օրենքի վերանայման հարցում, ու առհասարակ սա անվտանգության խնդիր է»,- ասում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նա նշում է, թե ո՞վ գիտի այդ աղանդները ում կողմից են հովանավորվում Հայաստանում. «Ունե՞նք մենք տեղեկությունները։ Վստահ եմ՝ ԱԱԾ-ն կունենա համապատասխան տեղեկություններ, թե ո՞ւմ կողմից են հովանավորվում այս աղանդները, որոնք միտած են պառակտելու։ Չէ՞ որ եթե մենք գտնվում ենք ծանր դրության մեջ, մեզ անհրաժեշտ է համախմբում, բայց ի հայտ են գալիս մարդիկ ու ասում են՝ գիտեք ինչ, պետք չէ երկիրը պաշտպանել, մարդիկ ովքեր չունեն հայրենիքի գիտակցություն։ Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը։ Այս մարդկանց համար չկա հայրենիք ասված հասկացությունը, իրենց համար սահման գոյություն չունի։ Իրենց համար մեկ է՝ հողը հայկական է, թե ադրբեջանական է։ Մեզ համար մեկ չէ, չէ՞ որ այս հողի համար հազարամյակներով այրուն ենք թափել»։
Սրբազանի համար աղանդավորների հարցն անմիջականորեն աղերսվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ։
««Հայ եկեղեցի պատմություն» առարկայի միջոցով էր տեղի ունենում իրազեկումը։ Մենք մեր մատաղ սերնդին գոնե կարողանում էինք պատմել, բացատրել՝ ինչ է հայ եկեղեցին, հայ եկեղեցուն էինք մոտենցում մանուկ սերնդին, որպեսզի նրանք ապագայում որևէ քայքայիչ աղանդի զոհ չդառնան։ Այս առարկան այս համատեքստում շատ կարևոր է։
Կարելի է լավացնել, զարգացնել այդ առարկան, բայց չկպնել այդ առարկային, այն անհրաժեշտ է»,- ասում է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աղանդները․․․ Հայաստանը՝ հոգևոր աղբանոց. Բագրատ Սրբազան
- Տեր Բարդուղիմեոս. Եհովայի վկաներն Աստվածաշնչի անվճար դասընթացի անվան տակ փորձում են մոլորեցնել մարդկանց
- Ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ, աղանդավորական ռեսուրսի» օգտագործման մասին. Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին