«Տաղ. հոգու ճանապարհ». Ֆիլմ, որով դրվեց մեր հոգևոր վերածննդի քարերից մեկը
«Նարեկացու տաղերն այսօր շատ ավելի ակտուալ են, քան կարող էին պատկերացնել։ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում հնչող աշխարհաբար, հատկապես դերասանների խաղացած մասերում, մենք հնչեցրել ենք տաղերն այսօրվա մարդու համար և այսօրվա մարդու դիրքերից, մեր այսօրվա իրականության, մղձավանձի մեջ ապրող մարդու դիրքերից և նաև նրանց միջոցով ցույց ենք տվել ճանապարհը՝ գոնե հոգևոր ընթացքի ճանապարհը՝ դեպի ուր, ինչպես ու ինչ միջոցով»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Վահե Յանն ու ֆիլմի համահեղինակ ու տաղերի մենակատար Վահե Բեգոյանը։
Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ներկայացնում է ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը՝ նկարահանված հայ միջնադարյան պոեզիայի բացառիկ նմուշների՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա:
Վահե Յանն ասաց, որ մեր օրերում շատ քիչ գործեր են ստեղծվում, որոնք, դրական իմաստով, ուղիղ ազդեցություն են ունենում մարդու հոգևոր աշխարհի վրա։
«Հիմնականում հակառակն է լինում, ավելի պոպուլյար, պահանջված են այն գործերը, որոնք քանդում են մարդու հոգին։ Զարմանքս շատ մեծ էր, երբ իմացա, որ Արթուր Ջանիբեկյանն ու «Վերածնունդ» հիմնադրամը նման բուժող նախագիծ կյանքի կոչելու գաղափար ունեն»,- նշեց ռեժիսորը։
Վահե Յանի խոսքով, հոգևոր երաժշտության ժանրի ֆիլմը հիմնված է 7 տաղերի հիման վրա, որոնք կատարում է մենակատար Վահե Բեգոյանը։ Գրաբար 7 տաղերը արտասանվում են նաև աշխարհաբար։
Նա ասաց, որ այդ 7 տաղերի համար ընտրվել են յոթ դերասաններ՝ Տիգրան Ներսիսյան, Նելլի Խերանյան, Շանթ Հովհաննիսյան, Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան, Մարջան Ավետիսյան, Ռոզի Ավետիսովա և Սամվել Թոփալյան, որոնք իրենց խաղով, կենցաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի իմաստն ու բովանդակությունը։
Բացի Նարեկացու հինգ տաղից, ֆիլմում ներառված են ևս միջնադարյան երկու տաղեր՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենին», հեղինակը հայտնի չէ, գրի են առնվել Կոմիտաս վարդապետի կողմից։
Սցենարի համահեղինակ, մենակատար Վահե Բեգոյանն ասաց, որ տաղերը ներկայացնելու համար պետք էին խոսքի վարպետներ՝ մեծ փորձառությամբ, մեծ տաղանդով ու հմտությամբ, դերասանների ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին տաղերն ըստ արժանվույն ներկայացնելու, ընթերցելու համար։
Ֆիլմը ստեղծողների ներկայացմամբ, ֆիլմը վավերագրական չէ. չունի գեղարվեստական սյուժե՝ սկիզբ, ընթացք, զարգացում, հանգուցալուծում, ավարտ, սակայն իր ամբողջ էությամբ ու մատուցմամբ այն գեղարվեստական է։
«Ֆիլմը, թվում է, չունի սյուժետային կառուցվածք, բայց իրականում սյուժեն կառուցված է տաղերի ընթացքով։ Տաղերը գրվել են մեր տաղավար տոների համար, իսկ տաղավար տոները Քրիստոսի կյանքի ճանապարհն է։ Այսինքն, տաղերի միջոցով ներկայացված են ոչ միայն Քրիստոսի անցած ճանապարհը, այլ քրիստոնյայի ճանապարհը, որն անցնում է Քրիստոսով։ Ծնունդից մինչև Հարություն ենք գալիս։ Այս առումով, գուցե առաջին հայացքից ոչ շատ տեսանելի, բայց սյուժե, ընթացք կա և դա հենց քրիստոնյայի անցնելիք հոգու ճանապարհն է»,- ասաց Վահե Բեգոյանը։
Նկարահանումներն իրականացվել են հայկական յոթ խորհրդանշական եկեղեցիներում։ Վահե Բեգոյանն ասաց, որ շատ երկար են ընտրել վանքերը, ընտրված են թե համեմատաբար ոչ այնքան այցելվող, բայց իրականում միջադարյան ճարտարապետության գլուխգործոց վանքեր, օրինակ Հնեվանք, Կապուտնի Սուրբ Մինասը, նաև՝ Գեղարդավանքը, Սանահինի վանքը. «Դրանով փորձել ենք ցույց տալ մեր հոգևոր մշակույթի միասնականությունը, նաև ամեն բանի ենթարկվելը հայ եկեղեցու ծեսին՝ թե ճարտարապետություն, թե երաժշտություն։ Այդ ամեն ինչը ստեղծվել է սպասարկելու համար հայ եկեղեցու ծեսը»։
Նա ընդգծեց, որ ֆիլմում ամեն ինչով փորձել են ցույց տալ, որ Նարեկացու տաղերն այսօր շատ ավելի ակտուալ են, քան կարող էին պատկերացնել. «Ֆիլմում հնչող աշխարհաբար, հատկապես դերասանների խաղացած մասերում, մենք հնչեցրել ենք տաղերն այսօրվա մարդու համար և այսօրվա մարդու դիրքերից, մեր այսօրվա իրականության, մղձավանձի մեջ ապրող մարդու դիրքերից և նաև նրանց միջոցով ցույց ենք տվել ճանապարհը՝ գոնե հոգևոր ընթացքի ճանապարհը՝ դեպի ուր, ինչպես ու ինչ միջոցով»։
Վահե Յանն ասաց, որ իրենց խնդիրն էր ցույց տալ, որ տաղը միայն Նարեկացու գրքի մեջ Մատենադարանում չէ դրված, այլ այսօր է, մեր առօրյայում, պարտադիր չէ տաղը կարդալու, ասելու համար գտնվել եկեղեցում. «Դու կարող ես տաղն ասել մտքումդ մեքենա վարելիս, ծառ էտելիս, որովհետև դա այսօր հայ ժողովրդի, հայ ազգի հոգու պահանջն է, ազգի, որն այսօր, ցավոք սրտի, կանգնած է կործանման առաջ»․
Ֆիլմը երեք օր՝ ապրիլի 5-7-ը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, մուտքն ազատ է, սկիզբը՝ 18։00։
Վահե Բեգոյանի խոսքով, հավանաբար, երեք ցուցադրությունով չեն սահմանափակվի, ֆիլմն իր ընթացքը կունենա, կարծում է, նաև միջազգային հարթակներում։
«Ֆիլմը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, այն բացառապես հոգևոր և մեր հոգևոր վերածննդին կոչված քարերից մեկն է, որ դրվեց»,- ասաց նա։
Ասուլիսն ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան