Ռադոսլավ Ֆոգելի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլոց, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»,- ԱԳՆ ասվում է հաղորդագրությունում: