Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի.Տիգրան Ավինյան
«Սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, այն շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի, և այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին Երևանի մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափման դեպքին:
Մինչ այդ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ ապրիլի 1-ին ժամը 14:20-ին մետրոյի Զորավար Անդրանիկ կայանից Սասունցի Դավիթ կայան 2-րդ գծով գնացող գնացքի մեքենավարը տեսել է, որ հենապատը փլվել է հանդիպակած գծի ռելսերի վրա և այդ մասին տեղեկացրել գնացքների կարգավարին, վերջինս էլ տեղեկացրել է առաջին գծով այդ տեղամասին մոտեցող մեքենավարին և կանգնեցվել է երթևեկությունը:
Ապրիլի 2-ից, ըստ Սեդրակյանի ներկայացման, շինարարություն իրականացնող ընեկրության հետ վերականգնել են երթևեկության բնականոն ընթացքը:
Ավինյանը հայտարարեց, որ շատ շինարարներ իրենց աշխատանքին ի միջի այլոց են վերաբերվում:
«Այս ի միջի այլոց վերաբերմունքի հետևանքով մենք ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա ուենցել ենք քարաթափում, որը կարող էր բերել այդ վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,-ասաց Ավինյանը և ներկայացնելով դեպքի մանրամասները, հավելեց, որ պատահաբար է դիմացից եկող մեքենավարը տեսել քարաթափումը և ահազանգել:
Նա դիմեց քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով. «Խնդրում եմ ամենախիստ ձևով, գտեք այդ ձևը և պատժի ենթարկեք կառուցապատողին, որը մեղավոր է եղել»:
Ավինյանը հայտնեց, որ կարիք չկա ոստիկանությանն ասել, որ քննություն է պետք իրականացնել, քանի որ վտանգավոր դեպք է տեղի ունեցել
Փոխքաղաքապետը ասաց, որ նման ի միջի այլոց վերաբերմունք կարող է դրսևորվել նաև բազմաբնակարան շենք կառուցելիս ամրանների և բետոնի հարցում:
«Այդ ի միջի այլոց վերաբերմունքը կարող է բերել անվտանգության մեծ խնդիրների և բոլոր ոլորտներում ուենք այս խնդիրը: Սիրելի գործընկերներ, ես ուզում եմ, որ մենք չհանդուժենք նմանատիպ վերաբերմունք և կարծում եմ, որ այն առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,-հայտարարեց Ավինյանը: