Սանահինի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները կիրականացվեն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը ստուգելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այցին ներկա են եղել նաև վերականգնման աշխատանքներ և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Շարունակվում են 2022 թ. մեկնարկած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները: Այցի ընթացքում քննարկվել են 2023 թ. նախատեսված աշխատանքները, քանդման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած՝ նախկինում (ԽՍՀՄ տարիներին) իրականացված վերակառուցման բացթողումների հետևանքով առաջացած խնդիրները և հնարավոր լրացուցիչ ծավալների ավելացումը:
Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիր: Չնայած այն հանգամանքին, որ Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես նախատեսվում է իրականացնել տարվա ընթացքում, դրանք դեռևս շինարարական հրապարակի նախապատրաստական փուլում էին: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են ջրահեռացման, ծածկասալերի և ներքին առագաստների քարերի փոխարինման խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան