Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ.
«Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Այնուհետև Ադրբեջանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության:
Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրությունների մասին հրապարակավ հայտնել է Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Հետագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պետք է կամ ենթարկվեն Ադրբեջանի հայատյաց իշխանություններին, կամ լքեն սեփական հայրենիքը:
Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում:
Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պետնախարար
- Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ
- Արցախի ԱՆ. Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
- Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն. ՄԻՊ
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքն Արցախ