Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի։
Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը կարևորել է խորհրդարանական փոխայցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է բարեկամ երկրների, խորհրդարանական և պետական գործիչների ու անհատների ջանքերը միջազգային ատյաններում արցախահայության աջակցության,ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար:
Իր հերթին բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։
Պատվիրակության ղեկավարը, իր մտահոգություններն արտահայտելով տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ Խորվաթիան միջազգային ատյաններում միջոցներ կձեռնարկի գերիների վերադարձման, հայկական հոգևոր, մշակութային արժեքների պահպանման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա