Գետնանցումի նախագիծը և կատարված աշխատանքները չեն համապատասխանում իրար.Արթուր Չախոյան
Փետրվարի 16-ին հանդիսավոր կերպով շահագործման հանձնվեց Փակ շուկայի վերանորոգված գետնանցումը, որին մասնակցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել: Քաղաքապետարանը տարածքն արդեն դրել է աճուրդի, այն կտրվի մասնավորի սպասարկմանը, որն էլ կիրականացնի անցումի պահպանման աշխատանքները՝ այն ապահովելով հանրային զուգարանով, հաշմանդամների համար աստիճանների վերելակով և սենսորային դռներով: Գետնանցումում կատարված շինարարական աշխատանքների որակի և նախագծին համապատասխանելու հարցերին Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ շինարար Արթուր Չախոյանը:
«Իմ ձեռքի տակ, ծավալաթուղթն ու նախագիծն է, որտեղ նշված է, որ այդ աշխատանքներն ընդունված են, դրանց դիմաց վճարված է և աշխատանքներն ընդունել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, պարոն Խորեն Գրիգորյանը: Նախագծում գրված է հատակի վերականգնում բազալտե սալերով, որի համար հատկացվել է 6 մլն 239 հազար դրան, այսինքը 1 մ²-ը՝ 17 հազար դրամով, բայց նախագծից շեղվել են և հատակը բազալտից չէ, այլ՝ պրեսգրանիտից, որն ավելի էժան ու մատչելի է, իսկ հատկացումն կատարվել է բազալտի համար: Եթե բազալտ էր լինելու, ապա այն պետք է հղկվեր, որպեսզի հարթ լիներ և նախագծի 2-րդ կետով, բազալտե հատակը հղկելու համար, հատկացվել է 1 մլն. 468 հազ. դրամ, բայց եթե պրեսգրանիտ է, էլ ի՞նչ հղկելու մասին է խոսքը, այդքան հատկացումն էլ անհիմն է արվել»,-ասաց Չախոյանը:
Հայտնելով, որ իր ձեռքի տակ եղած նախագծով մեկ աշխատանքի համար երկու առանձին տողով գումարներ են հատկացվել՝ շինարարն ընթերցեց համապատասխան կետերը. «Օրինակ 8-րդ կետը՝ «Բազալտե աստիճանների տեղադրում», որի համար հատկացրել են 701 հազ. դրամ, մեկ այլ կետով էլ «Բազալտե աստիճանների և հարթակների տղադրում՝ հղկումով» կետի համաձայն հատկացվել է 1 մլն. 540 հազ. դրամ:
Ամենաաբսուրդային ժանրից է 6-րդ կետը՝ անցումի պատերի երեսապատում տրավերտինե 30մմ հաստությամբ սալերով: Սա վերաբերում է գետնանցումի հանդիպակաց կողային երկու պատերին, այլ տեղ տրավերտին չկա և դրանք միասին կազմում են 100մ²: Բայց նախագծում նշված է 171 մ², որի ամեն 1 մ²-ի համար հատկացրել են 28 000 դրամ և ընդհանուր հատկացրել են 4 մլն. 788 հազ. դրամ: Բայց քանի որ իրականում այս երկու պատը կազմում է 100 մ², հետևաբար՝ ներկայիս տրավերտինե պատերի արժեքը կազմում է 2մլն. 800 հազ. դրամ: Այսինքը շուրջ 2 մլն. դրամ անհայտ է, թե ուր է, ինչ-որ մի ալքիմիկ մտել ավել թվեր է գրել»:
Արթուր Չախոյանի ներկայացմամբ՝ նախագծի15-րդ կետով նախատեսված է անցումների վրա ծածկեր, որոնք պետքէ լինեին ապակուց, ոչ թե պոլիկարբոնատից և որի համար տրամադրվել է 1 մլն. 943 հազ. դրամ:
Հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի և Տիգրան Ավինյանի էջում տեղադրված տեսագրությամբ ցույց են տրվում, որ այն պետք է լինի Պրոսպեկտի մյուս գետնանցումների նման՝ ապակուց՝ շինարարը հայտնեց, որ դրանք ապակուց չեն և ինքը ճշտել է պոլիկարբոնատի գինը, որի 1 սմ հաստությամբ տարբերակի 1 մ²-ը համացանցում վաճառվում է 4.5 հազար դրամ, բայց նախագծով կրկնակի, եռակի անգամ ավելի թանկ է հաշվարկված:
Panorama.am-ի նկարահանման պահին անձրև էր տեղում, գետնանցումի որոշ հատվածներ խոնավացել էին և առաստաղից կաթում էր: Չախոյանն ասաց, որ նախագծով կային ջրահեռացման աշխատանքներ, բայց նշված չէր, թե ինչ եղանակով, իսկ այդ պահին կատարվում է տոլապատման աշխատանքներ և տեղադրվում էին 1 մետր լայնությամբ տոլեր:
«Այն պետք է նախօրոք անեին, ոչ թե երկրորդ անգամ քանդեին, որ պետական միջոցներ վատնեին: Հիմա այդ աշխատանքներն արվում են, բայց ոչ թե 1 մետր պետք է լիներ, այլ գոնե 2-2.5 մետր, որպեսզի ավելի ապահով լիներ, քանի որ 1 մետրը ջրի համար հեշտ անցանելի է՝ հատկապես հորդառատ անձրևների ժամանակ: Քաղաքային իշխանությունները բազմիցս ասել, գրել, հրապարակել են, որ տեղյակ են եղել ջրահեռացման մասին և կատարել են նման վերանորոգում: Բայց եթե տեղյակ էին, ինչպես ասում են՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, պետք էր հենց սկզբից ջրահեռացման հարցը կարգավորին, նոր գետնանցումի ներսի վերանորոգման աշխատանքներ անեին, որպեսզի այսպիսի տեսարան չլիներ»,-ասաց Արթուր Չախոյանը և տեղեկացրեց, որ պետական կառույցները հայտնում են, որ շինարարական աշխատանքները մեկ տարի երաշխիքի մեջ են և ընթացքում պետք է գան թերությունները վերացնեն, բայց արդեն 1.5 ամիս է անցումի լեդ լամպերից մեկը չի աշխատում է և այն դեռ չի փոխարինվել նորով:
Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ Փակ շուկայի գետնանցումը դեռ ավարտական ակտ չունի, իսկ նախագծի մեջ փոփոխություններ պատվիրատուն կարող է անել համաձայն ՀՀ գործող նորմերի, այդ թվում տրավերտին-բազալտ համադրության մասով և բազալտի վերատեղադրում պրեսգրանիտ համադրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Փակ շուկայի» դիմացի գետնանցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին
- Ըստ քաղաքապետարանի՝ Երևանում այլևս գարշահոտ գետնանցումներ չեն լինի
- Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումի տարածքում. հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան
- Հալաբյան փողոցի գետնանցումի «մոթելը» փակվել է. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան