Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ավելի քան 300 խաչքար է հայտնաբերվել
Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում 300-ից ավել նոր հուշարձան է հայտնաբերվել, որոնք պետական ցուցակներում հաշվառված չեն այդ թվում խաչքարեր, արձանագիր և ոչ արձանագիր, տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Անդրադառնալով շրջափակման հետևանքով որոնողական աշխատանքների խնդիրներին՝ մեր զրուցակիցն առանձնացրել է տրանսպորտային վառելիքի պակասը, որի պատճառով կազմակերպության կողմից դաշտային աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
«Մինչ շրջափակումն իրականացված աշխատանքների արդյունքում հիմնականում նորություններ գրանցվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքների, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքներում»,-մանրամասնել է Ա. Հայրապետյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներին երբեմն միանում են նաև տեղացիները, ովքեր պատահական ինչ-որ բան գտնելու դեպքում անմիջապես հայտնում են ծառայությանը:
«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ վերջերս տեղեկություններ են հաղորդվել Խաթրավանքի շրջակայքում հայտնաբերված պարսպապատերի վերաբերյալ, որը ենթադրում ենք, որ դիտակետ-աշտարակ կարող է լինել, ինչպես նաև խաչքարերի վերաբերյալ ունենք տեղեկատվություն, սակայն շրջափակմամբ պայմանավորված ու հիմնականում վառելիքի հետ կապված դեռ չենք կարողացել այցելել»,- ասել է Ա. Հայրապետյանը:
Անդրադառնալով հայտնաբերված խաչքարերի պահպանման պայմանների հարցին, ՊՈԱԿ-ի տնօրենը պատմեց, որ վերջերս սոցցանցերում առաջարկվել է Վաղուհասում գտնվող ամենահին արձանագիր խաչքարերից մեկը տեղափոխել Ստեփանակերտ ու տեղադրել եկեղեցու բակում, սակայն մեր զրուցակցի համոզմամբ, յուրաքանչյուր հուշարձան արժեքավոր է և ասելիք ունի, երբ գտնվում է իր պատմական միջավայրում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։