Թուրքիան բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ
Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այս կերպ ճանաչում է Առաջին համաշխարհային պատերազմի վայրագությունները: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ, գրում է The Times of Israel-ը։
«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել»,- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում:
Պարբերականն ակնարկում է, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության տարելիցը, և Թորունլարի բողոքը հիշեցնում է, թե Թուրքիան` որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություն, որքան զգայուն է խնդրի նկատմամբ Իսրայելի հետ առանց այն էլ բարդ հարաբերություններում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի պատճառով շատերը ապրումակցում են հայկական փորձությանը:
Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել հրապարակի անվանակոչմամբ Ցեղասպանությունը ոգեկոչելու որոշումը և կրկնել է Թուրքիայի մերժողական դիրքորոշումը՝ նշելով, որ «նման ցեղասպանություն թուրք ազգի պատմության մեջ երբեք չի եղել»։
Հայֆայի քաղաքապետարանի գլխավոր խոսնակ Էլիրան Թալն անվանակոչումը համարել է կառավարության համար օրինակ, որին պետք է հետևել: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Իսրայելի Պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը»,- գրել է նա: Նա ասել է, որ թուրք դիվանագետները «շատ են աշխատել, որպեսզի ճնշում գործադրեն» քաղաքի վրա՝ հրաժարվելու ծրագրից:
Մանրամասն՝ «Հայերն այսօր»-ում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները