Ադրբեջանի հանրակրթական դպրոցների բոլոր դասագրքերում հայատյացությունն արմատավորված է. Լուսինե Ղարախանյան
Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության առաջնահերթություններից է հայերի՝ որպես թշնամու կերպարի ձևավորումը, ընդ որում, այս գործընթացը սկսվում է նախադպրոցական հաստատություններից, ապա՝ մուտք գործում հանրակրթական ծրագիր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանը՝ Արցախի պետական համալսարանում դասախոսելով Ադրբեջանի կրթական համակարգի թեմայով:
Նրա խոսքով, 2010 թվականից սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի բանահյուսությունը, այնուհետև՝ մամուլը, առանձին նյութեր՝ գալով այն համոզմանը, որ հայերի՝ որպես թշնամու կերպարի ձևավորման ուղղությամբ տարբեր տարիքային խմբերի հետ տարվում է համակարգված աշխատանք:
«Չեմ հասցրել բուհական համակարգն ուսումնասիրել, բայց ակադեմիան, պատմության կեղծարարությամբ, անգերազանցելի է. ամեն ինչ անում է Ադրբեջան պետության պատմության ստեղծման համար: Հանրակրթական դպրոցների բոլոր դասագրքերում, որոնք նաև թարգմանում են ռուսական դպրոցների համար, հայատյացությունն արմատավորված է: Ագրեսիայի հանդիպում ենք նաև ադրբեջանական երգարվեստում: Սոցիալական հարթակներում մանիպուլյատիվ հնարքներով պատրաստված կարճ հոլովակներ կան, որոնցում Երևանը ներկայացվում է իբրև Ադրբեջանի քաղաք: 44-օրյա պատերազմից հետո տպագրված գրքերում էլ պատմում են, թե իբր Շուշին է ադրբեջանական քաղաք, ինչպես նաև Նախիջևանը, Գյանջան»,-ներկայացրել է Լ. Ղարախանյանը՝ հավելելով, որ թուրքական ահաբեկչական գորշ գայլերի խմբավորման պաշտամունքն Ադրբեջանում սկսվում է ընտանիքներից:
Բանախոսն ընդգծել է այն թեզը, որ նրանց կողմից Ղարաբաղը դիտվում է որպես Ադրբեջանի ինքնության, գաղափարախոսության սնուցման, կարևոր վեկտոր:
«Մեր հանրակրթական ծրագրերում, մինչև 12-րդ դասարանը ներառյալ, թշնամու կերպարի քարոզ չկա: Դրանցում ընդգրկված են 1915 թվականի ցեղասպանությունը, Արցախյան առաջին պատերազմը, որի համար հատկացված է շատ քիչ ժամաքանակ՝ 1-2 ժամ, ավագ դպրոցում էլ ՝ 2-4, իսկ դասերի ընթացքում ընդամենը մի քանի հերոսների անուններ են հիշատակվում: Արդյոք մեր մեծացող երեխան համապատասխանում է գաղափարական առումով, որպեսզի պատրաստ լինի իրեն պաշտպանել՝ գտնվելով այդպիսի հարևանների մոտ: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-ընդհանրացրել է Լ. Ղարախանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան