Միխայիլ Կազինիկի դասախոսություն-համերգը տեղի կունենա Դիլիջանում
Հայտնի երաժշտագետ, ջութակահար, գրող և մանկավարժ Միխայիլ Կազինիկը եկել է Հայաստան «Ստեղծագործական ակադեմիա» խորագրով միջոցառում անցկացնելու նպատակով։ Միջոցառման կազմակերպիչների հաղորդմամբ, ապրիլի 12-ին Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում տեղի կունենա նրա՝ Դիլիջանի համայնքի համար նախատեսված «Արվեստի գաղտնի նշանները» խորագրով դասախոսություն-համերգը։
Միխայիլ Կազինիկը փիլիսոփա, ուսուցիչ, արվեստագետ, գրող, պոետ, ռեժիսոր է, Ստոկհոլմի Դրամատիկական ինստիտուտի և Սկանդինավիայի Բիզնեսի բարձրագույն դպրոցի դասախոս, Նոբելյան համերգի առաջատար փորձագետ։ 1991 թվականից Միխայիլ Կազինիկը բնակվում է Շվեդիայում։ Պարբերաբար համերգներ և կոնֆերանսներ է անցկացնում ամբողջ աշխարհով մեկ։ Իր ելույթներում պատմում է արվեստի պատմության և դասական երաժշտության մասին։
Միխայիլ Կազինիկը արտասովոր մարդ-թատրոն, ֆիլհարմոնիա և կոնսերվատորիա է մեկ մարմնում, օժտված լինելով փայլուն դերասանական ունակություններով, բուռն խառնվածքով և իրավամբ հանրագիտարանային գիտելիքներով, նա առաջին հերթին երաժիշտ-դաշնակահար և ջութակահար է: Նա բառացիորեն պայքարում է պաշտպանելով դասական երաժշտության՝ ժամանակակից կյանքում ամենուր, հասանելի, իմաստալից գոյություն պահպանելու իրավունքը: Նա չի պատմում երգահանների կենսագրությունները, այլ միայն տալիս է նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործությունը հասկանալու բանալիները։ Նա այլ կերպ է մեկնաբանում ծանոթ երևույթներն ու կոտրում կարծրատիպերը։
Իր մասին խոսելիս՝ Միխայիլ Կազինիկը նշում է․ «Իմ խնդիրն է հոգեպես հարմարեցնել մարդուն այն ալիքին, այն ճառագայթին, որը հաղորդվում է արվեստի գործերից՝ պոեզիայից, երաժշտությունից, գրականությունից․․․ Ողջ մեծ արվեստը հաղորդիչ է, իսկ այն մարդը, որի լարումն այդ հաճախականության վրա չէ, անսարք ընդունիչ է: Ես այն վերանորոգում եմ։»
«Ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստի ստեղծումը։ Այն իր մեջ ամփոփում է հսկայական սքանչելի թրթիռներ, որոնք մեծ ուժ ունեն նրանց համար, ովքեր դրանց թույլ են տալիս տիրել իրենց, իրենց մարմնին, նյարդային համակարգին, իրենց ինտելեկտին և մտածողությանը: Ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստի գործը։ Մարդկանց մեծ մասի համար այն նախ և առաջ հիմնականում ալիքների բազմամակարդակ համակարգ է, որտեղ առաջին փուլն իրենց ներկայացնում է ստեղծագործության պատկերավոր ընկալում, իսկ նրանց համար, որոնք ունեն ավելի խորը՝ երկրորդ, երրորդ, չորրորդ մակարդակների պատկերացում, բացվում է նոր աշխարհ՝ մեր հոգու ամենաբարդ, ամենախորը, իրական աշխարհը»,- նշում է Միխայիլ Կազինիկը։
Դիլիջանում Միխայիլ Կազինիկը դասախոություն-համերգի կազմակերպիչը Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ է (TUF)։ Միջոցառումն անց է կացվելու Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի ընկերության և Դիլիջանի համայնքային կենտրոնի (ԴՀԿ) աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան