Գավառում հյուրերի վեճն ավարտվել էր սպանությամբ
Ավարտվել է Գավառ քաղաքում Երևանի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Երևանի 49-ամյա բնակիչը, գտնվելով իր ծանոթի՝ Գավառ համայնքի Սայադյան փողոցում գտնվող բնակարանում, ծանոթացել է Երևանի 32-ամյա բնակչի հետ, ով ևս հյուրընկալվել էր նույն բնակարանում: 49-ամյա տղամարդն իր ծանոթի հետ օղի է օգտագործել, որի ընթացքում 32-ամյա տղամարդը, գտնվելով նշված տան առաջին հարկի հյուրասենյակում, իր մոտ է կանչել 49-ամյա տղամարդուն:
Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վերջինս, 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով չորս հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, 49-ամյա տղամարդն իր նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար ազատազրկման դատապարտվելուց և 2022թ. մայիսին պատժի կրումից ազատվելուց հետո 2022թ. մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար զանգահարել է կնոջը, սպառնացել նրան, որ կսպանի, որն առաջացրել է այդ սպառնալիքն իրական համարելու իրական վտանգ և վախ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 49-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 194-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան