«Ժողովուրդ». Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռևս արձագանք չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ`արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։ Մինչ այս պահը որևէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միջադեպի մասով դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռևս արձագանք չկա. «Անընդհատ էլ դիմում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների՝ ոչ միայն երեկվա միջադեպի հետ կապված։ Ինչ սկսվել է շրջափակումը, շուրջ տասը զեկույց եմ հրապարակել, որոնք անմիջապես ուղարկվել են միջազգային կազմակերպություն: Ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է նաև սոցիալական կայքերում, հրապարակվում է մեր պաշտոնական էջում, հատուկ տեղեկագրի տեսքով ուղարկվում է միջազգային կազմակերպությունների։
Կոնկրետ երեկվա միջադեպի հետ կապված ևս դիմումներ ուղարկել եմ: Այս պահի դրությամբ կոնկրետ միջադեպի մասնակիցներից շարունակում ենք ստանալ փաստեր, տեղեկություններ, որոնք ամփոփվելուց հետո տեղեկանքի տեսքով, արդեն մարդկանց վկայություններով, թե ինչ զգացողություններ են եղել, ինչպես է մեքենան կանգնեցվել, ինչպես են ադրբեջանցիները մուտք գործել, ինչպես է մեքենան կանգնեցվել, հավաքագրվել են և նկարներով, տեսանյութերով ուղարկվել են միջազգային կազմակերպությունններին, բայց դեռ արձագանք»,-ասաց նա:
Իսկ թե ինչով է պայմանավորում կոնկրետ վերջին միջադեպի հետ կապված քար լռությունը, Գեղամ Ստեփանյանն ասում է. «Զեկույցները մինչև տեղ են հասնում, մինչև ծանոթանում են նյութերին, ժամանակ է այս ամենը պահանջում»:
Ստացվում է՝ միջազգային հանրության անտարբերության և քար լռության պայմաններում Արցախի շուրջ 120 հազար բնակիչ գրեթե ամեն օր ֆիզիկական և հոգեբանական ճնշումների է ենթարկվում բռնատիրական Ադրբեջանի կողմից: Գրեթե ամեն օր մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին աղաղակող երկրները և միջազգային կազմակերպությունները շարունակում են լռել Ադրբեջանի անմարդկային արարքների մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները