Ռուսաստանում յուրաքանչյուր վեցերորդ գործատուն աշխատանքի է ընդունում աշխատանքային միգրանտների
Ռուսաստանում հարցված յուրաքանչյուր վեցերորդ գործատուն աշխատանքի է ընդունում աշխատանքային միգրանտների, առավել հաճախ նրանք Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են։ Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ին հասանելի «Headhunter» առցանց հավաքագրման հարթակի ուսումնասիրության արդյունքները։
Հարցումներն անցկացվել են 2023 թվականի մարտի 18-ից ապրիլի 3-ը՝ 2198 ռուս աշխատանք փնտրողների և 483 գործատու ընկերությունների շրջանում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցման մասնակից ռուս գործատուների 16%-ը աշխատանքի է ընդունում աշխատանքային միգրանտներին։ Շատ դեպքերում (76%) նման գործատուներն ընդունում են ամսական մինչև 10 մարդ: Գործատուների ևս 13%-ը պատրաստ է աշխատանքի տեղավորել մինչև 20 օտարերկրյա աշխատողի։
Հստակեցվում է, որ առավել հաճախ ռուս գործատուները աշխատանքի են ընդունում Ուզբեկստանի (ընկերությունների 56%), Տաջիկստանի (55%) և Ղրղզստանի (53%) քաղաքացիների։ Միևնույն ժամանակ, հարցված ընկերությունների ներկայացուցիչների 70%-ը նշել է, որ աշխատանքային միգրանտներին աշխատանքի ընդունելու պրակտիկա չունի։
Ըստ վերլուծության արդյունքների՝ ռուսաստանցիների 59%-ը կարծում է, որ գործատուները աշխատանքի են ընդունում աշխատանքային միգրանտներին, քանի որ նրանք ավելի քիչ գումար են խնդրում, քան տեղի բնակիչները։ Յուրաքանչյուր երկրորդ հարցվողը (54%) պատասխանել է, որ աշխատանքային միգրանտները համաձայն են աշխատել այն պայմաններում, որոնք հարմար չեն տեղի բնակիչների համար:
Հարցվածների 37 տոկոսը նշել է, որ միգրանտներին պետք է վարձել ցանկացած աշխատանքի համար, որտեղ կադրերի պակաս կա: Հարցված աշխատանք փնտրողների կեսից ավելին (60%) հայտարարել է, որ «աշխատանքային միգրանտները չափազանց շատ են իրենց տարածաշրջանում»: