«Եթե Փաշինյանը հրաման է տվել փողոցները մաքուր պահել, թող Փաշինյանը գնա, սահմանը մաքուր պահի»
Երևանի Մաշտոցի պողոտայում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներն ահազանգել են՝ քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատակիցները ուժի կիրառմամբ առգրավել են իրենց ապրանքները։
«Զզվացրեցին, թողեցին։ Իրենց թվում՝ ես լավ օրի՞ց եմ եկել, կանգնել այստեղ։ Մի հատ մարդու կարծիք հարցնեն, տեսնեն՝ ինչով ենք զբաղվում։ Իմ միակ ապրուսը սա է։ Թուրքը եկել, հասել է Գորիս, չի գնում սահմանը պահի, եկել, հասել ի՞նչ է փրկում՝ մաքուր լինի ասֆալտը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի շրջանից Անուշ Ֆրանգուլյանը։
Նա պատմեց, որ այսօր մարդկանց ապրանքները տարել են, իսկ մարտի 7-ին իր՝ 105 հազար դրամի ապրանքն էին տարել։ Տիկին Անուշի խոսքով, եթե արգելված է փողոցային առևտուրը, թող իրեն աշխատատեղով ապահովեն. «Շուկան իմ կողքն է, 20 տարի կանգնել եմ այդ շուկայում, իմ ձեռքից առել է, տվել է ուրիշին։ Պրոսպեկտի շուկան թող տա, ես գնամ, կանգնեմ։ Ես իր կամակատարը չեմ, որ ենթարկվեմ իր ասածներին, թող ինքն ինձ ենթարկվի»։
«Եթե Փաշինյանը հրաման է տվել փողոցները մաքուր պահել, թող Փաշինյանը գնա, սահմանը մաքուր պահի՝ զոհ չտա։
Ավտոյի միջից ապրանք են տանում։ Գողը նման բան չի անի։ Ասում են ծերանոց են տարել, թող թուղթ տան, ցույց տան, որ իմ ապրանքը ծերանոց են տարել, մանկատուն են տարել։ Եթե այդպես է, հալալ թող լինի ծերանոցի, մանկատան ապրողներին, որ կերել են, իսկ եթե իրենք են կերել, թող իրենց քթերից գա»,- նշեց նա։
Մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում։