Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Զատկի փառատոն»
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Զատկի փառատոն», որի փակման համերգին՝ ապրիլի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ մենակատարներն են՝ սոպրանո Ջեսիկա Նայլս (ԱՄՆ), մեցցո սոպրանո Մոյրա Թերիզ Քարմեկ (ԱՄՆ), տենորԿայ Կլուգե, (Գերմանիա), Էըրոն Շիհըն, տենոր (ԱՄՆ), բաս Ալլեն Բոքսըր (ԱՄՆ), Հիսուսի դերում՝ բաս Միլան Սիլյանով (Շվեյցարիա):
Մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Համերգը կղեկավարի Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը: Բոլոր հրավիրյալ երաժիշտները հանդիսանում են տվյալ երաժշտական ժանրի լավագույն կատարողներից:
«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը կայացել է 1727թ.-ի ապրիլի 11-ին, Ավագ Ուրբաթի ժամանակ, Լայպցիգի Սբ. Թովմաս եկեղեցում: Այն Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և հանդիսանում է նրա հոգևոր ժառանգության և ողջ բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետը: Ստեղծագործության պոետիկ հիմքը կազմում է Մատթեոսի ավետարանը, որտեղ նկարագրվում են մահապատժից առաջ Հիսուսի կյանքի վերջին օրերը՝ նրա չարչարանքները և մահը: Օրատորիան բաղկացած է երկու մասից, որոնց կատարումը տևում է երեք ժամից քիչ պակաս:
Ստեղծագործությունը մի քանի անգամ կատարվել է Բախի կյանքի օրոք, սակայն կոմպոզիտորի մահից հետո (1750թ.) մոռացության է մատնվել, ինչպես նրա գրեթե բոլոր գործերը: Միայն մոտ ութսուն տարի անց՝ 1829թ. մարտի 11-ին, Բեռլինի Երգարվեստի ակադեմիայում քսանամյա Ֆելիքս Մենդելսոնը կրկին ներկայացրեց «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան՝ ղեկավարելով չորս հարյուր հոգանոց երգչախմբով և ամբողջական նվագախմբով:
Ապրիլի 4-ին, «Զատկի փառատոն»-ի շրջանակում, կայացել է Հայաստանի Կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնում ընգրկված էր նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սբ. Ներսես Շնորհալու և Կոմիտասի հոգևոր ստեղծագործությունների կատարմամբ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: