44-օրյա պատերազմում անմահացած հերոսները. Ցուցահանդես՝ Նկարիչների միությունում
Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսների նկարներով ցուցահանդես։ Նկարների հեղինակները մասնագիտական բուհերի ուսանողներն են։
Արեգ Միրիջանյանը նահատակված հերոսներ Հայկի, Լևոնի ու Ժորայի նկարների հեղինակն է։
«Մինչև նկարելը՝ նախ փորձել եմ ճանաչել իմ հերոսներին։ Երբ լսեցի իմ հերոսների մասին, ապշած էի։
Նրանց ամեն օրը սխրագործություն էր։ 18-19 տարեկանում... այդքան ուժ ունենալ, սիրել հայրենիքը, նվիրված լինել հայրենիքին, այդքան չվախենալ մահից, գնալ դեպի մահը։ Պետք է հսկայական ուժ ունենալ։
Չես կարող այդ ամենը հանգիստ ընկալել, ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արեգը։
Անմահացած հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ասում է, որ իրենք իրենց նվեր են արել. «Ճիշտ է, մեր տղաները ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միշտ մեր մտքերում են, ամեն վայրկյան մենք զգում ենք իրենց ներկայությունը։ Ուզում ենք մեկ անգամ ավելի լսեն մեր հերոսների մասին, մեկ անգամ ավելի տեսնեն մեր հերոսներին։ Հիմա մեզ միայն նման բաներն են ուրախացնում, եթե կարելի է նման ձևով արտահայտվել։
Իմ տղան ու այս բոլոր տղաներն այնքան լուսավոր են։ Հատուկ ընտրված են։ Բոլոր տղաներն ընտրյալներ են Աստծո կողմից»։
Ժորան տանկիստ է եղել, զոհվել է հոկտեմբերի 22-ին։
«Իմ տղան՝ շատ բարի, լուսավոր, շատ անզիվ, հավասարակշռված... Իմ տղան այստեղ չէր, չպետք է ծառայեր։ Բայց պնդեց, որ պետք է անպայման ծառայի ու հենց Արցախում։ Այդպես էլ արեց»,- պատմում է տիկին Գայանեն։
Անմահացած հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, նշում է, որ բոլորը հերոսներ են, ովքեր ընկել են հանուն հայրենիքի, հանուն սահմանների պահպանության, հանուն մեր երեխաների ապագայի։ Նրանց սխրագործությունների մասին կարելի է օրերով խոսել։
«Իմ տղան Մատաղիս-Մարտակերտ պաշտպանական գիծը պաշտպանելուց հետո տեղափոխվում է Մարտունի 2 զորամաս։ Հոկտեմբերի 30–ին կնքում է իր մահկանացուն՝ իր ընկերների հետ զենքը ձեռքներին, դիրքը չզիջելով և որևէ անգամ մեկ քայլ հետնահանջի մասին չմտածելով»,- ասում է Վահիդ Սահակյանը։
Կապիտան Իշխան Պետրոսյանը 20 տարի ծառայել է հայկական բանակում՝ հակաօդային պաշպանությունում։ Պատերազմի ժամանակ պահեստազորի սպա էր։
Կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը պատմում է, որ պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո ամուսինը ոտքի է կանգնում. «Բոլորս դեմ էինք, որ ինքը ճակատ մեկնի, ասում էինք՝ դու քոնն արդեն արել ես, 20 տարի ծառայել ես, ասում էր՝ չէ, դու չես հասկանում, զինվորն այնտեղ մենակ է։
Առաջին կարգի սպա էր, զինկոմիսարիատից կանչել էին, գնացել, ներկայացել էր։ Եկավ, սակայն չհամբերեց, որ կանչեն, կամավորագրվեց ու գնաց։ Ասում էր՝ բերքը հասել է, քաղենք, կգանք։ Թշնամուն նկատի ուներ։ Ոչ մի վայրկյան իր ոգին չի կոտրվել։ Չեմ զգացել, որ ինքը վախենա, մտահոգվի ինչ-որ բանից։ Բայց արի ու տես... Զոհվել է հոկտեմբերի 8-ին։ Մենք իմացել ենք զոհվելու մասին հոկտեմբերի 10-ին»։
Ելիզավետա Օհանջանյանը՝ կամավորական Արման Օհանջանյանի մայրը, պատմեց, որ սեպտեմբերի 30-ին որդին մեքենան թողնում է գազալցակայանում ու առանց որևէ մեկին ասելու մեկնում է Արցախ։
«Ես ինքս ծնունդով արցախցի եմ, 1992 թվականին եմ եկել այստեղ, մեր կապը միշտ եղել է, արյան կանչն Արմանին անընդհատ կանչել է։ Այս անգամ էլ կանչեց անվերադարձ։
Սեպտեմբերի 30-ին գնաց։ Գնաց Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 1-ին ամենաթեժ տարածքն է եղել։ Ինձ հաղորդագրություն էր գրել. մամ ջան հիշիր՝ ինձ հետ ինչ էլ լինի, գլուխդ բարձր ես քայլելու...
Այս ցավի հետ ապրելն անհնարին է։ Անհնարին է նաև ապրել այն մքտով, որ այն հողը, որտեղ այսքան երեխաների անմեղ արյուն է թափված, նրանք հատուկ արյունը թափել են, որ այդ հողը մնա, հայն ապրի, այսօր մեզ դարձնում են... »,- ասում է տիկին Ելիզավետան ու արցունքն աչքերին պատմում տղայի՝ պատերազմում անցկացրած օրերին մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «44-ի տղերքը». Գիրքը հոգու պարտք է այն տղեքին, որոնց վերջին լուսանկարողը ես էի
- Անմահացած զինծառայողների հիշատակին նվիրված միջոցառում՝ Ազատության հրապարակում
- Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը
- Սեպտեմբերի 27, «Եռաբլուր». «Այս աշխարհից ոչինչ չեմ ուզում, միայն գոնե մեկ անգամ որդիս ասի՝ մերս, ո՞նց ես»