
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:
Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


