
«Ժողովուրդ». Իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն Հռոմի կոնվենցիայի մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաև այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաև դեմ է գնում ՌԴ-ին, և Արևմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երևան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենևին էլ չի համարում վավերացված և չի կարող գործել:
Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել:
Հստակ ժամկետներ կան այն ԱԺ ուղարկելու մասով. ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում