Հայ կանայք ավելի հնարամիտ են. Կին ձեռներեց
«Համագործակցություն և մրցակցություն։ Սա է բիզնեսում հաջողության հասնելու շարժիչ ուժը»,- «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլի ամփոփիչ միջոցառումանն ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Նա նշեց, որ պետք է անընդհատ քայլել, քայլ առ քայլ իրար հետ ճանապարհ գցել. «Եթե շարժման մեջ ենք ու ճանապարհ ենք գնում, կարևոր է նայել, թե ովքեր են այդ ճանապարհն անցել, ովքեր են հաջողել, հարցնել, թե ինչ են տեսել այդ ճանապարհին։ Այսինքն հաջողակ մարդկանց հետ պետք է շփվել»։
Բագրատ Ենգիբարյանի խոսքով, բիզնեսում հաջողության հասնելու համար կարևոր է նաև համագործակցությունը, միմյանց հետ երկխոսելը, շփվելը, հետևողական լինելը։
Միջոցառման ընթացքում գործարար ներկայացումներով հանդես եկան ծրագրի մասնակից կին ձեռներեցները, ովքեր վերջին ամիսների ընթացքում անհատական և խմբային մենթորության շնորհիվ բարելավել են իրենց ընկերությունների բիզնես և ֆինանսական մոդելները, բարձրացրել ներդրումային գրավչության ու պատրաստվածության մակարդակը։
Քնարիկ Պետրոսյանը զբաղվում է գինու արտադրությամբ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ նոր էր փորձում մուտք գործել գործարար աշխարհ, ամեն ինչ շատ դժվար էր թվում, սակայն հետո հասկացել է՝ ամեն ինչ հաղթահարելի է։
«Հայ կանայք ավելի հնարամիտ են, ցանկացած պարագայում եթե նպատակ ունես, հնարավոր է այդ նպատակին հասնելու համար գտնել ուղիներ»,- ասաց Քնարիկը։
Նա նշեց, որ իրենք գինի են արտադրում միայն Վայոց ձորում աճող էնդեմիկ խաղողի տեսակներով։ Ք. Պետրոսյանի խոսքով, հիմա միայն բնական՝ առանց հավելումների արտադրություն ունեն, նախատեսում են հետագայում անցում կատարել օրգանական արտադրությանը, որի համար անհրաժեշտ է նոր այգիներ հիմնել։
Panorama.am-ի հետ զրույցում TINY-ի ընկերության հիմնադիր Արփինե Սարգսյանն ասաց, որ իրենց ընկերությունը զբաղվում է խելացի սարքերի նախագծմամբ ու ծրագրավորմամբ՝ կիրառելով արհեստական բանականություն։
«Առաջին սարքը, որ նախագծել ենք, նախատեսված է խուլ մարդկանց համար։ Սարքը գեներացնելով ժեստերը՝ խոսքը թարգմանում և գեներացնում է հեռախոսի հավելվածի միջոցով, այսինքն հասանելի ենք դարձնում հաղորդակցումը խուլերի և մյուս մարդկանց միջև»,- ասաց ընկերության հիմնադիրը։
Նա նշեց, որ սարքը հիմա զարգացման փուլում է, տարբեր բժշկական կենտրոնների հետ համագործակցում են, համաձայնել են թեստավորել սարքը, օգտագործել, տրամադրել իրենց հիվանդներին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան