Դեսպանը դրական է գնահատել Հայաստանում ճապոներեն սովորելու հանդեպ պահանջարկի աճը
Աշխատանքային այցով Ճապոնիայի Կանսայ շրջանում գտնվող դեսպան Արեգ Հովհաննիսյանը ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել Կիոտո պրեֆեկտուրայի նահանգապետ Տակատոշի Նիշիկավայի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ նահանգապետը կարևորել է հայ-ճապոնական միջպետական հարաբերությունների նախընթաց 30 տարին և պատրաստակամություն հայտնել Հայաստանի հետ համագործակցելու գիտակրթական և զբոսաշրջության բնագավառներում: Տ. Նիշիկավան հույս է հայտնել, որ առաջիկայում կավելանա հայաստանցի ուսանողների թիվը Կիոտոյի համալսարաններում:
Դեսպան Արեգ Հովհաննիսյանը կարևորել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում կրթության և մշակույթի բաղադրիչը, ընդգծել այս ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նա այս առումով դրական է գնահատել Հայաստանում ճապոներեն սովորելու հանդեպ պահանջարկի աճը՝ հատկապես երիտասարդների և համալսարանականների շրջանում:
Դեսպանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանում ճապոներեն սովորելու աճող հնարավորությունների մասին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կհաջողվի Կիոտոյի պրեֆեկտուրայի հետ հաստատել գիտակրթական և մշակութային փոխշահավետ համագործկցություն:
Հանդիպման ավարտին դեսպանը հայտնել է Կիոտոյի և Կանսայ շրջանի մասին իր ջերմ տպավորությունների մասին և նահանգապետի խնդրանքով հակիրճ ներկայացրել Երևանի հնադարյա կոթողների, մասնավորապես՝ էրեբունի ամրոցի պատմությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները