Հարության տոն. Հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, որը կոչվում է նաև Զատիկ, հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն: Հարցի պատասխանը ներկայացված է Qahana.am կայքում.
«Անկախ նրանից՝ ընտանիքում հանգուցյալ կա, թե ոչ, Ս․ Հարության տոնի առթիվ հավկիթները կարմիր են ներկում բոլոր ընտանիքներում։ Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը թե՛ ապրող, թե՛ ննջեցյալ մարդկանց համար։ Ս․ Հարության տոնի առթիվ ընտանիքները դադարեցնում են ննջեցյալների համար պահվող սուգը։
Տոնի օրը գերեզմաններ ՉԵՆ այցելում, այլ նշում են Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ վստահ լինելով, որ նույն կերպ բոլորս հարություն ենք առնելու Աստծո Որդու երկրորդ Գալստյան ու Ահեղ դատաստանի ժամանակ։
Տոնը նշում են ինչպես բոլորը, գերեզմաններ այցելում են Մեռելոցին՝ անկախ հին ու նոր ննջեցյալ ունենալու հանգամանքից»։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշվելու է ապրիլի 9-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա