Արշակ Սրբազան. Նպատակի ճգնաժամի լուծման համար ամենաառանցքային դերն ունի սուրբ Հարությունը
«Քրիստոնեության մեծագույն տոներից է Ս. Հարության տոնը։ Հարության պատմականության ժխտման բոլոր փորձերը դատապարտվել են ձախողման»,- նախքան Ճրագալույցի Սուրբ Պատարագը սուրբ Գայանե վանքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Արշակ Սրբազանի խոսքով, այնուամենայնիվ, չափազանց դժվար է հավատալ, որ մահացածների միջից կարող է գտնվել մեկը, որ հարություն կարող էր առնել։
«Բայց ամենաէականն այստեղ այն է, մեր ուրախություն նրանում է, որ Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք ևս հնարավորություն ենք ունենում հարություն առնելու։ Իհարկե, սա մի հետաքրքրաշարժ պատմություն չէ, սա մեր ամենօրյա կյանքի մաս է կազմում։
Իմ կարծիքով, այսօր բոլոր տեսակի ճգնաժամերի միջից ամենից կարևոր ճգնաժամը նպատակի ճգնաժամն է։ Նպատակի ճգնաժամի լուծման համար ամենաառանցքային դերն ունի սուրբ Հարությունը, որովհետև այն հստակեցնում է մեր նպատակը, բովանդակություն, իմաստ է հաղորդում մեր կյանքին և կյանքում բոլոր արժեքները վերափոխվում են, մարդու արժեքների վերափոխման հնարավորություն է ընձեռնում։
Այս է մեր ուրախության բուն պատճառը, որովհետև մարդկությունն իր անմահության ձգտումներին բավարարում է ստանում, հույս է ստանում անմահություն ժառանգելու։
Սա հեքիաթ, առասպել չէ, իրական պատմում է։ Շատ դժվար պետք է լինի մտածել, որ մարդու կյանքը սահմանափակվում է ծնունդից մինչև մահ ընկած ժամանակահատվածում։ Մենք կյանքի ենք կոչվել ավելի մեծ առաքելության համար, հավիտենության համար։
Դրա համար, երբ մենք ամեն անգամ այցելություններ ենք ունենում ննջեցյալների արարողություններին, այս պատգամն ենք փոխացնում, որ սա ոչ թե վերջն է, այլ սկիզբն է մի նոր կյանքի, որը զերծ է տառապանքներից, զրկանքներից, փորձություններից։
Քրիստոս իր հարությամբ այս հույսն ամրապնդում է մեր մեջ»։