Կենդանաբանական այգին տեղափոխելու խորհուրդն ո՞վ է տվել Ավինյանին․ Մանուկյան
Ավելի քան 5 տարի խոսվում է Կենդանաբանական այգին տեղափոխելու մասին, սակայն չգիտես ինչու, գաղտնի էր պահվում, Pamorama.am-ի ետ զրույցում ասաց կենդանաբան, Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը՝ նշելով, որ դեռ մի քանի տարի առաջ, երբ աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում, այդ մասին բարձրաձայնվել է։
Կենդանաբանը նոր արեհեստական պայմաններով այգի հիմնելը սխալ որոշում է համարում։
«Եվրոպական կենդանաբանական այգիների մասնագետներ, տնօրեններ, երբ գալիս էին Հայաստան, ասում էին՝ կերազեինք նման լանդշաֆտ ունենալ և կենդանաբանական այգի հիմնել։ Իհարկե կան արհեստական լանդշաֆտներ ստեղծելու մեթոդներ, բայց դրանք բավականին ծախսատար են և անընդատ ներդումներ անելու կարիք է լինում։ Այնտեղ, որտեղ նախատեսում են տեղափոխել կենդանիներին, հարթ տարածք է, չգիտեմ՝ ջուր կա, թե ոչ,ամեն դեպքում պետք է արհեստական ժայռեր սարքվեն, որոնք երբեք չեն կարող փոխարինել գործող կենդանաբանական այգու բնական լանդշաֆտին։ Բացի դրանից, արհետսական ժայռերը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ վերանորոգման կարիք կունենան, դրանք հավելյալ ծախսեր են։ Տեղափոխման իմաստն, անկեղծ ասած, չեմ հասկանում»,- ասաց Մանուկյանը։
Կենդանաբանի խոսքով, յուրաքանչյուր կենդանու համար վանդակ մտցնելն ու հանելը, նոր տարածք տեղափոխելը սթրես է։
«Կենդանաբանական այգին տանում են անկման։ Ո՞վ է Տիգրան Ավինյանին այդ խորհուրդը տվել, ի՞նչ մասնագետներ են աշխատել այդ ծրագրի վրա։ 3D սիրուն նկարներով տարել ցույց են տվել երևի, բայց իրականում պատկերացում չկա, թե ինչ ասել է կենդանաբանական այգի։ Որպես մասնագետ՝ սխալ որոշում եմ համարում այգու տեղափոխությունը»,-ընդգծեց կենդանաբանը։
Մանուկյանը շեշում է՝ կենդանաբանական այգու լանդշաֆտը խիստ կարևոր է․ «Մեր այգին ունի և′ հյուսիսային, և′ հարավային կողմ։ Ավելի հասկանալի ներկայացնելու համար ասեմ՝ երբ գարնանը մտնում ես կենդանաբանական այգի, ապա մի կողմը կարծես գարուն է, մյուս կողմը՝ ձմեռ։ Սա շատ կարևոր է մեր տարածաշրջանի կենդանատեսակների համար։ Եթե շեշտը դնում ենք մեր տարածաշրջանի կենդանիների բուծման, անետացող տեսակների վերականգնման ու դեպի բնություն բաց թողնելու վրա, ապա նման լանդշաֆտ ունենալը շատ կարևոր է։ Իսկ տանել և արհեստական ժայռերով կենդանաբանական այգի փորձել նկարել, ուղղակի զարմանալի է։ Հայկական մուֆլոնը (Միջազային կարմիր գրքում գրանցված) և բեզոարյան այծերը(ՀՀ կարմիր գրքում գրանցված), իրենց կճղակները ժայռերի վրա քայլելով են մաշում»։
Այս առումով, Մանուկյանի գնահատմամբ, այգին ունի բավականին հարմարավետ տարածք, որը թեև ամբողջությամբ չի օգտագործվում։
«Նոր այգի ստեղծելու համար նախատեսված ծախսերի կեսը եթե ներդվեն գործող կենդանաբանական այգու զարգացման վրա, ապա կունենանք տարածաշրջանում լավագույն կենդանաբանական այգին։ Ներկա պահին, այգին ունի ավելի քան 30 հա տարածք, բայց դրանից օգտագործվում է միայն 8 հա-ը։ Ասենք թե 150 հա սարքեցինք կենդանաբանական այգին, այդքան տարածք մարդը չի կարող մեկ օրում մտնել ու դուրս գալ,իսկ մեր կենդանաբանական այգին չափերով հարմար է՝ ընտանիքով մի ամբողջ օր այնտեղ անցկացնելու համար»,- եզրափակեց Մանուկյանը՝ համեմատելով նոր ստեղծվող այգին նոր տնկվող ծառի հետ, որի պտուղները վայելելու համար հարկավոր են տարիներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով
- 67 աշխատող ու 769 կենդանի. Այն, ինչ մնացել է կենդանաբանական այգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան