Ընտանիք, Պետություն, Եկեղեցի, ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ. Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատգամ է հղել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով.
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Ուր՞ է, մահ, քո հաղթությունը,
ու՞ր է, գերեզման, քո խայթոցը»
(Ա Կորնթ. 15:55)
Սիրելի հավատավոր զավակներ,
Պողոս Առաքյալի այս հռետորական հարցադրումն է հնչում մեր ականջներին, երբ դեմառդեմ կանգնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության իրողության առջև: Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափը այլևս պարտված է Քրիստոսին հավատացողների համար: Քրիստոսի Հարությունը մեր հավատքի սիրտն է, իսկ Քրիստոնեությունը՝ կյանքի կրոնը, որովհետև «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ` ողջերի» (Ղուկ. 20:37):
Բոլոր ավետարանիչները հստակ կերպով նկարագրում են, թե ինչպես Հիսուսը ամբողջական կերպով կրեց մարդկային տառապանքն ու ցավը, և Նրա հոգին մահու չափ տրտմած էր: Ինչպես մեր Տիրոջ՝ մարդկային ցավի ամենախորքերը մտնելու լիակատար հանձնառությունը պարտության մատնեց սատանային և ավերեց դժոխքը, նույն կերպ էլ Հարության անպարտելի ճշմարտությունը պարտության մատնեց առաքյալների ներքին վախն ու անորոշության տագնապը։ Նրանք, որ նախապես փախել էին իրենց Վարդապետի չարչարանքների ժամանակ, Հարությունից հետո դարձան Նրա քաջարի վկաները ամբողջ աշխարհում, և անգամ մահվան սարսափը ի զորու չեղավ լռեցնելու Նրանց ձայնը, որովհետև նրանք ճանաչել էին Ճշմարտությունը և ճաշակել էին իրական կյանքի քաղցրությունը. որովհետև նրանք տեսել էին Հարություն առած Փրկչին:
Հարությունը վավերացրեց Քրիստոսի խոսքերի և գործերի ճշմարիտ լինելը: Մենք հեքիաթների, առասպելների չենք հետևում, և մեր մեղքերի թողությունն ու ներումը հիմնված են թափուր գերեզմանի վրա: Քրիստոսի Հարությունը մեր ապագա հարության երաշխիքն է. «Ես ապրում եմ, դուք նույնպես պիտի ապրեք»(Հովհ.14:19)։
Երբ «Ավագ Շաբաթվա» ընթացքին մենք մասնակցում ենք եկեղեցական արարողություններին, դարերի հեռավորությունից խորհրդավոր կերպով հայտնվում ենք Հիսուսի կողքին և նրա հետ քայլում դեպի Գողգոթա:
Այս ամենի վերապրումը ավելի է մտերմացնում մեզ մեր Փրկչի հետ և օգնում հասկանալ Աստծո անսահման սերը, և թե ինչպես են աստվածային նախախնամությամբ չարչարանքները պսակվում հաղթական Հարությամբ:
Խաչից Հարություն գնացող ճանապարհին մեզ համար մարմին են առնում քրիստոնեության հիմնարար սկզբունքները` մեր ես-ն ուրանալը, ներելն ու ներվելը, սիրելով ուրիշներին երջանկացնելը, մեր կյանքը նպատակային ապրելը, հանուն ճշմարտության զոհաբերվելը և այս ամենով մեր փրկությունն ամբողջացնելը:
Այսպիսին էր Քրիստոսի մարդեղության և երկրավոր կյանքի ամբողջ ընթացքը, և դա որպես շնորհ փոխանցվեց առաքյալներին, սրբերին՝ հասնելով մինչև մեզ, և եթե մենք տեր ենք կանգնում այդ շնորհին, ապա մենք դադարում ենք ամբոխ լինելուց և դառնում ենք սուրբ ազգ և ժողովուրդ: Մեր քրիստոնեական կեցվածքից, միախորհուրդ կերպարից և իրար որպես Քրիստոսով քույրեր ու եղբայրներ ընկալելուց է կախված մեր վաղվա գալիքը: Այսօր մեզ են նայում բազում աչքեր, քննության են առնում մեր միասնականնությունը և հետևություններ են անում, թե արդյո՞ք այս ժողովուրդն ի զորու է միաբանված պայքարելու, արդյո՞ք դիմադրելու կամք, ցանկություն ու խոհեմություն ունի, թե՞ ոչ:
Այսօր մեր Հայրենիքը անցնում է փորձությունների չընդհատվող մի ճանապարհով, իսկ մենք տոնախմբում ենք Հարության հրաշափառ տոնը. այս երկու իրարամերժ տրամադրություններ արթնացնող իրողությունները իրականում գալիս են լրացնելու միմյանց:
Արդարության համար պայքարի ճանապարհին միշտ չէ, որ մեզ հաղթանակի և փառքի դափնիներն են սպասում, հաճախ փշե պսակն է բաժին հասնում մեզ, բայց երբ մենք մեր պայքարը մղում ենք հանուն Ճշմարտության, հանուն Աստծո կամքի, և ոչ մեր ես-ի, այն ժամանակ Հարությունն է լինում մեր ջանքերի արդյունքը: Դժբախտություններն ու տանջանքները մղում են մեզ ճանաչելու մեր թերություններն ու մոլորությունները: Արդյունքում բացահայտում ենք երկրայինի անցողիկ և ունայն լինելը` ձգտելով դեպի հավիտենական և մնայուն բարիքներ: Քրիստոս իր օրինակով մեզ սովորեցնում է, որ մարդու երջանիկ լինելու ամենամեծ գաղտնիքը թաքնված է ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելու մեջ:
Աստծուն ոչինչ այնքան չի անարգում և վշտացնում, որքան մարդու անհավատությունը: Քրիստոսի կատարած փրկագործության ամբողջ նպատակը այն էր, որ մարդը սկսի սիրել և վստահել Աստծուն: Աստված մշտապես փորձում է մարդկանց մեջ հավատը արթուն պահել իր խոստումների և շնորհի միջոցով: Շնորհը արթնացնելու և հավատն ամրապնդելու գլխավոր ուղին Ուխտն է: Դժվար իրավիճակներում Ուխտը պետք է դառնա հոգևոր այն խարիսխը և երաշխիքը, որ Աստծուց խոստացվածը անպայման կկատարվի:
Մենք, որպես ազգ և ժողովուրդ, անմասն չենք Աստծո հետ կնքված ուխտերից և մեզ համար էլ գոյություն ունի այդպիսի 3 կարևոր ուխտեր:
• Առաջինը ընտանիքի ուխտն է․ երբ Աստված արդար Նոյին իր ընտանիքով փրկեց համաշխարհային ջրհեղեղից և բնակեցնելով Արարատի լանջին՝ նրանով նոր սկիզբ տվեց մարդկությանը:
• Երկրորդը Հայկ Նահապետի հետ կնքված ուխտն է․ Աստված զորացրեց նրա բազուկը, միտնքն ու հոգին, և Հայկը մինչև քրիստոնեություն լինելով քրիստոնեական գաղափարների կրող՝ ընդդիմացավ չար Բելի հակաաստվածային ծրագրին և հավատարիմ մնալով մեկ Աստծո պաշտամունքին` հիմքը դրեց մեր առաջին հայկական թագավորությանը:
• Երրորդ ուխտը Աստված մեզ հետ կնքեց Իր Էջքով, որով լուսավորեց Հայաստան աշխարհը և հիմնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, որով մեր ազգը կապված է Լուսավորչի Աջին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ընտանիք, Պետություն, Եկեղեցի, ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ, և եթե մենք հավատարիմ մնանք այս երեք կարևոր սրբություններին, ապա մեր ընթացքը կլինի դեպի հավիտենություն գնացող ընթացք, իսկ մեր տառապանքները կպսակվեն Հարության հաղթանակով:
Այսօր ավանդույթի համաձայն ի լուր բոլորի հայտարարելով Քրիստոսի Հրաշափառ Հարության մասին, էական ոչինչ էլ չենք փոխի, եթե այն ինչ մի անգամ պատահել է, մեզ համար չդառնա կենդանի իրողություն։ Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով։ Այսօր էլ մեր թշնամիները, չարի ձեռքին գործիք դարձած, խաչի վրա գամելով մեր ազգի ձեռքերն ու ոտքերը՝ Արցախ աշխարհը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը։ Բայց ինչպես չարի ծրագրերի մեջ չկար Հարության հրաշալի իրողությունը, նույնպես և մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը:
Փրկչի հրաշափառ Հարության ողջույն ենք փոխանցում Արցախի պետական այրերին, զինվորականներին և ողջ մեր ժողովրդին՝ Ի գլուխ ունենալով ԱՀ Նախագահին և մեր վաստակյալ նախագահներին։ Սիրելի արցախցիներ, Դուք եք Աստծո հետ կնքված մեր ուխտի կրողը, որը վերանորոգվել է մեր նվիրյալ զավակների նահատակությամբ։
Ուստի սիրելիներ, Հարության կենսաբեր այս տոնին լցվենք իրար հանդեպ սիրով և հոգատարությամբ, դժվարությունները միասնաբար և համբերությամբ հաղթահարելու տոկունությամբ, հավատարիմ մնանք Աստծո հետ կնքած մեր ուխտին և մեր հզոր հավատքով Հարություն պարգևենք մեր հայրենիքին:
Քրիստոս Հարյավ ի մեռելոց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս….»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան