Սա մանիպուլյացիա է. Քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ Արամ Մանուկյանի արձանի հարակից հատվածի՝ անորակ վերանորոգման լուրերի մասին
«Մի փոքր խոսենք հրապարակի վերևի հուշարձանի հետ կապված սոցիալական ցանցերում տարածված որոշ տեղեկատվության մասին, որոնցում ասում են, որ կատարված աշխատանքները բավարար որակով չեն արված, այդպես է, թե ոչ»,-Երևան քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին դիմեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ դեռ նախորդ տարի քննարկել և հաստատել են, որ որոշակի հատված ներառված չի եղել ծավալաթղթում:
«Դրա համար առանձին մրցութ ենք հայտարարել, 12 մլն դրամով շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արմա Մանուկյանի արձանի շուրջ գտնվող տարածքի վերանորոգման աշխատանքները: Սա կարծում եմ մանիպուլյացիա է, թե իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածում ո՛չ ծավալով, ո՛չ նախագծերով ոչ մի շինարարական աշխատանք չի ձեռնարկվել»,-հայտարարեց Գրիգորյանը:
Վարչության պետը հայտնեց, որ սուտ է նաև տարածվող տեղեկությունը, թե Հաղթանակ կամրջի վերանորոգման համար կատարողական է տրվել, որը չի համապատասխանում կատարված աշխատանքների ծավալներին, քանի որ դեռ կատարողական չի տրված այդ շինարարության համար:
Ավինյանը հայտնեց, որ սրանից հետո երբ շինբարեկարգում արվի, ապա նախագծում ներառեն ամբողջը և դուրս մնացած հատվածներ չթողնեն:
«Թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց համար՝ գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք ներառված չեն նախագծի մեջ, եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք»,-ասաց Ավինյանը: