Վթարի պատճառ դարձած պարեկը ղեկին քնել է
Կոտայքի մարզում պարեկների վարած մեքենաների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած խոշոր վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական տվյալների համաձայն, պարեկը, որն այդ պահին չի եղել ծառայության մեջ, իր վարած քաղաքացիական մեքենայով հարվածել է պարեկների մեքենային։
«Երեք մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Երկուսի վիճակը նորմալ է, մեկինը՝ միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ Սասկայն դեռևս չունենք բժշկական փորձաքննության արդյունքները»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ վարույթի շրջանակում գործողությունները շարունակվում են։
Հարցին, արդյո՞ք սթափ են եղել պարեկները, Գոռ Աբրահամյանն ասաց՝ սթափության խնդիր չունենք։
«Խիստ նախնական տվյալներով վթարը եղել է ղեկին քնելու հետևանք։ Բայց կրկնում եմ, որ նախնական տվյալներով»,-ասաց ՔԿ խոսնակը։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 342 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Հիշեցնենք, ապրիլի 9-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49,5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ մամուլի, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Թ.Մ.-ի վարած վրացական համարանիշներով Volkswagen Cadi և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Գ. Ճ.-ի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին: Վերջինի երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Volkswagen-ի վարորդ Թ. Մամյանն աշխատում է ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում, որպես պարեկ։
Toyota Fortuner-ը հաշվառված է ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում, նրա վարորդ Գ. Ճաղարյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես ավագ պարեկ։
Վիրավորներից Ռ. Խալաթյանը, աշխատում է ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան