Հայաստանյան բեմում ելույթ ունենալը շատ բարդ է. ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյան
Ապրիլի 11-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում առաջին անգամ կներկայացվի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Թատրոնի առաջատար մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը: Լրագրողների հետ հանդիպմանը նա նախ բացատրեց, թե ինչու է ներկայանում մենահամերգով. «Տեխնիկական պատճառով, քանի որ նոր եմ վերադարձել Հայաստան, ընդամենը վեց օր ունեմ, մտածեցինք ու հասկացանք, որ նվագախմբով հանդես գալու համար ժամանակ է պետք՝ փորձեր, միգուցե նոր արանժիրովկաներ արվեն, քանի որ կան գործեր, որոնք երբևէ Հայաստանում չեն կատարվել նվագախմբով։ Զուտ ժամանակի խնդիր է»։
Համերգին հնչելու են՝ Գ․Դոնիցետտի, Ջ․Վերդի, Ժ․Մասնե, Պ․Չայկովսկի, Ա․Հարությունյան, ուկրաինական ժողովրդական երգեր, Ա․Բաբաջանյան, Զ․Դոլուխանովա, Ֆ․Տոստի, Է․Կուրտիս, Ա․ Լարա։ Դաշնակահար՝ Արմեն Աղաջանյան։
Լ.Ավետիսյանն ասաց, որ համերգի առաջին մասում ընդգրկված են կարևոր ստեղծագործություններ, որոնք իր կյանքում մեծ դեր են խաղում, երկրորդ բաժնում՝ ավելի թեթև գործեր են՝ ուկրաինական, ռուսական, նեապոլիտանական երգեր։
«Համերգային ծրագրերը հիմնականում այնպես ենք կազմում, որ ես օգտագործեմ այն արիաները, այն հատվածները, որոնց դերերը կատարում եմ աշխարհում։ Կան նաև սիրելի կոմպոզիտորներ, որոնց մշտապես անդրադառնում եմ, սիրում եմ կատարել իրենց ստեղծագործությունները»,- ասաց տենորը։
Նա նշեց, որ կարևորում է մենահամերգները, դրանց ժամանակ շփումը հանդիսատեսի հետ ավելի մտերմիկ է լինում. «Ներկայացման ժամանակ խաղում ես մի կերպար, երեք ժամ ապրում ես այդ մի կերպարի մեջ, փորձում ես վերապրել այդ կյանքը, բայց համերգի ժամանակ անընդհատ կերպարանափոխվում ես, ինչը բարդ է, քանի որ ոճային տարբերություններ են լինում՝ իտալական արիաներ, անմիջապես հետո Բաբաջանյան, ռուսական օպերայից հատվածներ, բայց միաժամանակ հետաքրքիր է»։
Լ.Ավետիսյանի խոսքով, արտիստերի համար յուրաքանչյուր բեմ կարևոր է, պատասխանատվություն է, որովհետև յուրաքանչյուր արտիստ ունի անցած ճանապարհ, ինչ-որ մի բարձունք արդեն զբաղեցնում է. «Յուրաքանչյուր ելույթ քննության պես մի բան է՝ նախ հաճույք պարգևել ունկնդրին, նաև պահել այդ բարձունքը, որը գրավել ես»։
«Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, էլ ավելի բարդ է, շատ-շատ բարդ է, հատկապես երբ բազում հաջողություններ ունես արտերկրում»,- ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստը։
Մանրամասն՝ տեսանյութում։