Բնունիս գյուղ մտած ադրբեջանցուն գյուղի ժողովուրդն է բռնել. «Ազատություն»
Սիսիանի Բնունիս համայնքի բնակիչները պատմել են, թե ինչպես են ադրբեջանցիները ուշ գիշերով երկար թակել գյուղի բնակիչներից մեկի դուռը, տան տիրուհին՝ Շողիկ Մաթևոսյանը, դուռը բացել է, տեսել է դիմակավորված զինվորականների։ Տանը եղել են նաև մանկահասակ երեխաներ։
«Դուռը բացել ա, տեսել ա երկու հոգի՝ վայեննի շորերով, մասկեքը քաշած, մի քիչ էլ մութ ա եղել, դե որ տեսել ա վախեցել ա, դե չի իմացել թուրք ա, հայ ա, չեն խոսացել, որ տեսնենք գոնե ադրբեջանցի են, թե հայեր են, ոչ մի բառ չեն խոսացել: Դարպասը վռազ փակել ա, կանչել ա՝ Հակոբ, Հակոբ..., հետո զանգել են միլիցայությունը եկել ա», - «Ազատության» հետ զրույցում պատմել է գյուղի բնակիչներից մեկը:
Հարցին՝ կնոջը վնաս տվե՞լ է, «Ազատության» զրուցակիցը պատասխանել է. - «Չէ, ոչ մի բան»:
«Ընտանիքի անդամներն առայժմ չեն ցանկանում խոսել կատարվածի մասին։ Ավելի վաղ Սիսիանի համայնքապետն «Ազատությանը» փոխանցել էր, որ Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են։ Մեկն արդեն ձերբակալվել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, որոնումը շարունակվում է։ Ընդ որում, ադրբեջանցին, ըստ Արմեն Հակոբջանյանի, սկզբում Բնունիսում է եղել, ավելի ուշ բնակիչները նրան հայտնաբերվել են Աշոտավան գյուղի փողոցներից մեկում։
Սիսիանի Բնունիս և Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից, Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 20 կմ հեռավորության վրա։ Թե ինչպե՞ս են ադրբեջանցիները ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը, պարզ չէ։ Սիսիանի համայնքապետը միայն տեղեկացրեց, որ ադրբեջանցին, ում բնակիչները բռնել են, քաղաքացիական հագուստով է եղել։
«Ազատության» տեղեկություններով ձերբակալված ադրբեջանցին հրազեն չի ունեցել, նրա մոտ դանակ է հայտնաբերվել։
«Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Ստեղ ում որ բռնել են, զինվորական չ եղել, քաղաքացիական հագած է եղել, Աշոտավանի փողոցից են բռնել: Մյուսին չենք տեսել, ամբողջ տարածքով ման են գալիս բոլոր համապատասխան ուժերը», - պատմեց Սիսիանի համայնքապետը:
Բնունիսի համայնքապետը սակավախոս էր, նա հորդորում էր բոլոր հարցերը համապատասխան մարմիններից ճշտել։ Միայն վստահեցրեց, թե գյուղում խուճապ չկա. - «Ընդհանրապես խուճապ չկա, լրիվ նորմալ ա»,- գրում է «Ազատությունը»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախրարությունից հայտնում այսօր հայտնել էին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ «Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշել են ՊՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացրել Որոտնավանքում
- Ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել ՀՀ բնակավայր. այս և այլ հարցեր ՊՆ-ն թողնում է անպատասխան
- Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
- ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է. Aravot.am