Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են ցուցմունքները
ՔՊ-ական պատգամավոր Վլադմիր Վարդանյանի հոնքին դաշնակցական Մհեր Սահակյանի հարվածին նախորդել է թեժ բանավեճ։ Հրապարակված ցուցմունքների համաձայն, ամեն բան սկսել է դաշնակցական մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ կորսված հողերի մասին հարցից։
Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսել։
Վ. Վարդանյանը պատմել է, որ ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ ոտքի է կանգնել հանդարտեցման կոչ է արել, ինչից հետո Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռան։ Վարդանյանն ասել է, որ չի գոռում, այլ կարգի է հրավիրում բոլորին։
«Դրանից հետո Մհեր Սահակյանը առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է. մոտեցել է իրեն և առանց խոսելու՝ աջ ձեռքին ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին։ այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաև ծակոց, որից հետո հավասարակշռությունը կորցրել է և ընկել գետնին։ Ընկնելուց դիպել է նախագահողի հետևում դրված աթոռին, որը շրջվել է։ Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը ևս դուրս է եկել, ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի»,-ասված է Վարդանյանի ցուցմունքում։
Արծվիկ Մինասյանը պատմել է, որ Վարդանյանը չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, նույնիսկ զավեշտի հասնող ձևակերպմամբ, որ արարտ լեռն իրենք են թողել թուրքերին։«Իրենք հակադարձել են, որ սխալ բաներ պետք չէ ասել, որին ի պատասխան Վլադիմիր Վադանյանը գոռգոռացել է»,-ասված է Մինասյանի ցուցմունքում։
Անդրադառնալով այն կասկածներին, թե Սահակյանը կոտրած մկրատով է հարվածել Վարդանյանի դեմքին, դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանը հերքել է, նշելով այս վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում պատճառված վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով։
«Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը պատմել է, որ իր աշխատասենյակ շփոթված մտել է Մհեր Սահակյանը, պատմել է տեղի ունեցածի մասին, սեղաններից մեկից վերցրել է մկրատը, զայրույթից ջարդել այն, ինչի հետևանքով վնասել է մատը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. Պաշտպան
- «Ժողովուրդ». Մհեր Սահակյանը պնդել է, որ բռունցքով է հարվածել
- Վարդանյանը բռի կերպով չարաշահել է իր լիազորությունները. Ոստիկանության դիմաց հայտնեց Մհեր Սահակյանը
- Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու