ՔԿ-ն մանրամասներ է հայտնել, թե ինչու է մեղադրանք առաջադրել Նարեկ Սամսոնյանին
Քննչկան կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ մանրամասնելով, թե ինչու է մեղադրանք առաջադրել Նարեկ Սամսոնյանին.
««AntFake.am» կայքում հրապարակվել է ««Զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում:
Այս կապակցությամբ ստացված հաղորդման առթիվ 2023թ․ ապրիլի 06-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին «AntFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության հրապարակային կոչ ու բռնության արդարացում։
Մասնավորապես, հաղորդման ընթացքում Ն․ Ս․-ի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները՝ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել:»:
Ապրիլի 10-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ն․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքրի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սամսոնյանը հայտարարեց՝ հիմա էլ կրկնում է, որ ողջունում է Մհեր Սահակյանին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Սամսոնյանը մեղքը բնականաբար չի ընդունել
- Նարեկ Սամսոնյան. Ժողովուրդ ջան, ինձ մեղադրանք առաջադրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան