Դժվար է մի բան հասկանալ՝ ինչ են ուզում «Շիրակ կենտրոնից» և ինձանից․ Վահան Թումասյան
Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրում է.
«Իրականում դժվար է մի բան հասկանալ, թե առհասարակ ինչ են ուզում «Շիրակ կենտրոնից» և ինձանից․․․
Ուրեմն մի շաբաթ է ամեն օր դոմիկներում բնակվող մանկահասակ երեխաներով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող միայնակ տարեցների լացակումած հեռախոսազանգերին նույնիսկ չեմ հասցնում պատասխանել․․․
Բանն նրանում է, որ համաձայն ՀՀ կառավարության՝ Աղետի գոտին դոմիկներից ազատելու մասին նոր որոշման, Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ ՏԻՄ իշխանություններից գրություններ են ստացել, որով պահանջվում է մեկ ամսվա ընթացքում տնակները քանդել, տարածքները ազատել և հանձնել համայնքային իշխանություններին։
Առանց մանրամասն նկարագրելու էլ կարծում եմ պատկերացնում եք, թե առհասարակ բաց երկնքի տակ՝ փողոցում հայտնվելու հեռանկարը ինչ հոգեվիճակի մեջ դրած կլինի այդ, տարիներով կիսախարխուլ դոմիկներում մի կերպ պատսպարված մարդկանց։
Իսկ դրան հակառակ, 4-5 տարի առաջ տնակ քանդելու համար այսօր դատարանից հերթական հայցադիմումն եմ ստանում:
Հին գործ է, մանկահասակ երեխաներով անօթևան մի ընտանիքի երեք սենյականոց, նոր և լուսավոր բնակարան ենք նվիրել, բնականաբար դոմիկն էլ քանդել, տարածքը մաքրել, նույնիսկ կանաչապատել և հանձնել համայնքին: Հետո ի հայտ է եկել այդ մանկահասակ երեխաներով ընտանիքի, վաղուց մոսկվաներում բնակվող հարազատները և պնդել, որ այդ կիսախարխուլ, թաղի էլեկտրաենթակայանի պատին մոտ դրված դոմիկը, մի 20-25 տարի առաջ իրենց է պատկանել․․․
Դատի են տվել, էլ քրեական գործ, էլ քաղաքացիական գործ․․․մի խոսքով 4 թե 5 տարի է դատական քաշքշուկների մեջ եմ։ Փաստորեն մի դեպքում դոմիկը չքանդելու համար են խոստանում դատել, այն էլ առանց բնակարանով փոխահատւցելու պարագայում, իսկ մյուս՝ իմ դեպքում շքեղ բնակարան նվիրելու և դոմիկը քանդելու համար են դատում․․․դե արի ու բան հասկացիր մեր երկրից»։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Թումասյան. Փաշինյանի հայտարարությունն ընդամենը պրոբլեմից փախչելու քաղաքականություն է
- Վահան Թումասյան. Ահա թե դոմիկներում ինչ են կուտակել ձմռանը դիմակայելու համար
- Վահան Թումասյան. Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է նման կարևոր նախաձեռնությանը դեմ քվեարկել ՔՊ-ն
- Վահան Թումասյան. Շիրակում շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին