Ինչպե՞ս ստանալ Վրաստանում կացության կարգավիճակ
Կան բազմաթիվ հիմքեր Վրաստանում կացության կարգավիճակ ստանալու համար, սակայն Ջավախքի բնակիչների համար հաճախ ավելի հեշտ է ստանալ քաղաքացիություն, քան մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ: Jnews-ը զրուցել է փաստաբան Անդրանիկ Մինասյանի հետ, ով խոսել է կացության կարգավիճակի հիմնական տեսակների և մեր շրջանի համար ամենաարդիականների մասին։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախատեսված են կացության կարքավիճակի հետևյալ տեսակները, կամ, այլ կերպ ասած, Վրաստանում կացության թույլտվությունները.
ա) աշխատանքի տեղավորման նպատակով կացության թույլտվություն,
բ) ուսման նպատակով կացության թույլտվություն,
գ) ընտանիքի վերամիավորման նպատակով կացության թույլտվություն,
դ) Վրաստանի նախկին քաղաքացիների համար կացության թույլտվություն,
ե) քաղաքացիություն չունեցող անձանց կացության թույլտվություն,
զ) թրաֆիքինգի զոհերի համար հատուկ կացության թույլտվություն,
է) մշտական բնակության թույլտվություն,
ը) ներդրումային գործունեության նպատակով կացության թույլտվություն,
թ) ընտանեկան բռնության զոհերին տրված ժամանակավոր կացության թույլտվություն,
ժ) կարճաժամկետ կացության թույլտվություն, որը տրվում է այն օտարերկրացիներին, ովքեր ունեն 100 000 ԱՄՆ դոլարից ավելի անշարժ գույք Վրաստանի տարածքում,
ի) ներդրումային գործունեության նպատակով անժամկետ կացության թույլտվություն՝ տրված 300 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարելու հիման վրա:
Դիտարկենք դրանցից ամենաարդիականները:
Աշխատանքային կացության թույլտվություն
Աշխատանքային կացության թույլտվությունը տրվում է օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր աշխատում են Վրաստանում կամ ունեն բիզնես: Եթե նրանք գրանցված են կոնկրետ ընկերությունում որպես աշխատող, ապա այս ընկերության տարեկան շրջանառությունը պետք է կազմի 50 000 լարի յուրաքանչյուր օտարերկրյա աշխատակցի համար։ Եթե օտարերկրյա քաղաքացին աշխատում է բժշկական կամ կրթական ոլորտում, ապա շրջանառությունը պետք է կազմի 35 000 լարի։
Նման պայմաններում օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի դիմել Վրաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար։ Պահանջվում է նաև, որ օտարերկրյա քաղաքացու ամսական աշխատավարձը լինի կենսապահովման նվազագույնի (որը 2023 թվականի փետրվարի դրությամբ կազմում է 256,40 լարի) հնգապատիկը։ Որպես կանոն, աշխատանքային կացության կարգավիճակը սկզբում տրվում է 6 ամսով, այնուհետև այն կարող է տրվել մեկ տարով, երկու տարով՝ կոնկրետ նախանշված ժամկետներ չկան:
Ուսումնական կացության թույլտվություն
Վրաստանում կացության թույլտվություն ուսում ստանալու նպատակով տրվում է օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր սովորում են Վրաստանի պաշտոնապես արտոնագրված, լիցենզավորված ուսումնական հաստատությունում՝ մանկապարտեզից ընդհուպ մինչև մասնագիտական ուսումնարաններ և բուհեր: Նման դեպքում նրանք պետք է ներկայացնեն տեղեկանք այն հաստատությունից, որտեղ սովորում են։ Բացի այդ, դիմորդը պետք է ներկայացնի տվյալ երեխայի որևէ հարազատի պաշտոնական եկամուտը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև նրանց բարեկամական կապը հաստատող փաստաթուղթ:
Հարազատների բացակայության դեպքում դիմորդն իր բանկային հաշվին պետք է ունենա որոշակի գումար։
Երկու դեպքում էլ ամսական եկամուտը պետք է 2 անգամ գերազանցի կենսապահովման նվազագույնը։
Ընտանիքի վերամիավորման կացության թույլտվություն
Եթե օտարերկրյա քաղաքացին ունի ընտանիքի անդամ (երեխա, ծնող կամ ամուսին), ով ունի Վրաստանում կացության թույլտվություն, նա նույնպես իրավունք ունի դիմել Վրաստանում նման կարգավիճակ ստանալու համար։ Այս դեպքում դիմորդը պետք է ներկայացնի բարեկամական կապը հաստատող համապատասխան փաստաթուղթ (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն):
Այս դեպքում ևս դիմորդը պետք է ներկայացնի իր բանկային հաշիվը, որում ամսական գումարը պետք է 2 անգամ գերազանցի կենսապահովման նվազագույնի չափը։
Կացության թույլտվություն Վրաստանի նախկին քաղաքացիներին
Այն անձը, ով նախկինում ունեցել է Վրաստանի քաղաքացիություն, իրավունք ունի դիմել Վրաստանի կացության թույլտվություն ստանալու համար: Դիմորդը պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը հաստատում է, որ նա նախկինում Վրաստանի քաղաքացի է եղել (սա կարող է լինել հին անձնագիր կամ Նախագահի՝ իրեն քաղաքացիությունից զրկելու հրամանը):
Այս դեպքում եկամուտների մասին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտություն չկա:
Անշարժ գույք ունենալու հիմքով կարճաժամկետ կացության թույլտվություն
Նման կացության թույլտվություն տրվում է այն օտարերկրացիներին, ովքեր Վրաստանի տարածքում, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, անշարժ գույք (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) ունենալու իրավունք ունեն, որի շուկայական արժեքը գերազանցում է 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք լարին, ինչպես նաև նրանց ամուսիններին և երեխային/զավակներին։
Այս դեպքում կացության թույլտվությունը տրվում է մեկ տարով։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։