Կհնչեն Դավիթ Սաքոյանի, Արամ Սաթյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները
Ապրիլի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի երկրորդ համերգը։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։
Ծրագրում կհնչեն Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2 սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը, Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը և Ջիվան Տեր-Թադևոսյանի Թիվ 5 սիմֆոնիան՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։
Նվագախմբից հայտնում են, որ Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի թավջութակահար Դավիթ Եժովը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը մեկնարկել է մարտի 16-ին։ Փառատոնի առաքելությունն է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանումը, հանրայնացումը։ Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: