«Հրապարակ». Ադրբեջանցիները Բնունիսում թակել են այն տան դուռը, ուր մեկ ամիս առաջ այցելել էր վարչապետի կինը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ առավոտյան տեղեկացանք, որ ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս համայնք, թակել Գասպարյանների դուռը: Սիսիանի ոստիկանները հաստատեցին լուրը, սակայն ողջ օրը իրավապահները լռեցին, և պարզ չդարձավ, թե ինչպես են նրանք շրջանցել մեր սահմանապահներին, եղե՞լ են սահմանապահներ։ Ադրբեջանցիները 3-ն են եղել՝ զինվորական հագուստով։ Դուռը բացել է տիկին Շողիկը, ով կասկածել է ու ահազանգել ոստիկանություն։ Նա մեզ ասաց. «...ո՞վ չէր վախենա, այո, վախեցել եմ …բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր»։
Ավելի ուշ մեկ այլ բնակավայրում՝ Աշոտավանում, իրավապահները բռնել են ադրբեջանցիներից մեկին, տարել ոստիկանության Սիսիանի բաժին, մյուս երկուսը փախել են։ Ադրբեջանցին Աշոտավանում ևս այցելել է մի քանի տուն, զրուցել բնակիչների հետ: Ասել է, որ 3 օր է՝ Հայաստանում է, թաքնվել է անտառներում։
Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ երկուսը փախել են, ոստիկանության Սիսիանի բաժնից ասացին․ «Ո՞վ ասաց, որ 3-ն են եղել, միգուցե 6-ն են, մանրամասներ չենք կարող հաղորդել»։ Ոստիկանությունում ադրբեջանցին ասել է, թե տարածքը շփոթել է: Նրան փոխանցել են ԱԱԾ-ին։ Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան