Անընդհատ լացում էր. Ինչ են պատմում եկեղեցու բակում մահացած հայտնաբերված մարդու մասին
Այսօր վաղ առավոտյան Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկի մոտ՝ Սուրբ Աննա եկեղեցու հարակից այգում դի է հայտնաբերվել։
Եկեղեցու հարևանությամբ մոմ վաճառող կինը Panorama.am-ին պատմեց, որ ճանաչում է տղամարդուն։
«Տուն ուներ Չարենցավանում, մամա ուներ, կինը չարորակ ուռուցքով հիվանդ է, Սոչիում։ Վատ բան չեմ նկատել իրենից, լավ տղա էր, շատ հարգանքով։ Ճանապարհն անցնելուց ձեռքից պոկվել է թոռնիկն ու ընկել է մեքենայի տակ, մահացել։ Անընդհատ հիշում էր էդ ու լացում»,-ասաց նա։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնցին, որ նախաձեռնված է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով։
«Հետագայում քննության ընթացում պարզ կլինի՝ արդյոք գործ ունենք սպանությա՞ն, թե՞ հանկարծամահության հետ։ Նախնական տվյալներով անձի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իրականացվում է քննություն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։