Տիգրան Ավինյանը պատարագի առաջին շարքում
Մինչև 2018 թվականը, Հայաստանի բարձրաստիճան շատ պաշտոնյաները, այդ թվում նախագահը, վարչապետը, մասնակցում էին Սուրբ Ծննդյան ու Սուրբ Հարության սուրբ պատարագներին։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները, սակայն, այդ ավանդույթը խախտել են, մասնավորապես 2020 թվականից հետո չեն մասնակցում պատարագներին։
2021-ին Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագին չմասնակցելը Փաշինյանի խոսնակը պատճառաբանել էր՝ «համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։
2023-ի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին մատուցված պատարագին Նիկոլ Փաշինյանը և կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես ներկա չէին։ Մայր Աթոռից ասել էին. «Եկեղեցու դռները ոչ ոքի առաջ փակ չեն, հրավերով չէ»:
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագները մատուցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Բնականաբար, այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչներ չկային, բացի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից, ով պատարագին հետևում էր հենց առաջին շարքում նստած։ Այդ փաստը շատերի զարմանքն էր առաջացրել։
Հիշեցնենք, որ այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն հենց Տիգրան Ավինյանն է լինելու, ցուցակը նա է գլխավորելու։
Համարե՞լ սա 2020 թվականից ի վեր եկեղեցի-կառավարություն հարաբերություններում լարվածության թուլացում։ Համարել սա Տիգրան Ավինյանի՝ ամենուր լինելու ևս մի ցանկությո՞ւն։ Համարել Տիգրանին Ավինյանին հավատավոր քաղաքացի՞։
Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս է Տիգրան Ավինյանը հայտնվել հենց առաջին շարքում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Իր ցանկությամբ եկել ու մասնակցել է Սուրբ պատարագին» ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին