Աշոտյանի բաց նամակը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Բաց նամակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին
Հարգելի՛ պարոն Կլաար,
Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։
Արդեն 4 ժամից ավել ՀՀ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն սադրիչ ռազմական գործողությունների է դիմել, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ:
ԵՄ դիտորդական առաքելության մանդատն ենթադրում էր ՀՀ անվտանգային միջավայրի բարելավում:
Խնդրում եմ պարզաբանեք ստեղծված իրավիճակում.
* ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել վերջին ժամերին ռազմական գործողությունների դադարեցման համար,
* արդյո՞ք արդեն արձանագրվել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները և դրանց հիման վրա ԵՄ պաշտոնական տեսակետների գործնական փոփոխություն, ոչ թե ՝ հայտարարություններ, նախատեսվա՞ծ են, թե՞՝ ոչ:
Վերջին անգամ ռազմական գործողությունների երկայնքով՝ Սոթք, Տեղ և այլ համայնքներ, ԵՄ առաքելությունը.
* ե՞րբ է դիտարկումներ իրականացրել,
* այդ դիտարկումների մասին ադրբեջանական կողմին տեղյակ պահելուց հետո, ինչպես Դուք խոստովանում եք, ի՞նչ է արձանագրվել:
Լինելով իրական եվրոպական արժեքների ամրապնդման ջատագովներից մեկը՝ խորապես ցավ եմ ապրում ԵՄ առաքելության գործունեության այս ընթացքում արդեն իսկ տեսանելի խնդիրների վերաբերյալ, որոնք չեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև՝ չեն նշմարել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ որևէ կոնտր-քայլ:
Հարկ եմ համարում նշել նաև, որ ԵՄ առաքելության ուղարկումը պետք է զուգակցվեր ԵՄ-Հայաստան համապատասխան պայմանագրով, ուստի մինչ պայմանագրի կնքումն ինչի՞ հիման վրա է ԵՄ-ն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին:
Ակնկալում եմ Ձեր հրապարակային պատասխանը:
Հ. Գ. Ի դեպ, երբ համեմատում եք այս առաքելությունը նախորդի հետ և տեղեկության փոխանցումը նաև այդ հանգամանքով պայմանավորում, հիշեցնեմ, որ նախորդ առաքելության ստեղծման հիմքում նաև Ադրբեջանի ստորագրությունն էր:
Հ. Հ. Գ. Այս նամակի հարցադրումները չեն հանում ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր չկան»: